Ոչ մի քայլ չի կատարվել, ոչ տուն են տալիս, ոչ փոխհատուցում են տալիս, հարցը մնացել է անլուծելի: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, Կառավարության շենքի դիմաց նշեցին Եկմալյան փողոցի բնակիչները, որոնք կրկին բողոքի ակցիա են իրականացնում:
Ամիսներ առաջ Կառավարության դիմաց ակցիայի ժամանակ նրանց հանդիպել էր Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, խոստացել՝ հաջորդ հինգշաբթի խնդիրը լուծել, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել:
«Ներդրողը որոշել է, որ պետք է կառուցի 26 և 27 հոգու համար 11-17 հարկանի շենք, բայց թույլ չեն տվել: 5 հարկանի շենք են թույլ տալիս, որով ներդրողը տակից դուրս չի գա: Դրա համար մինչև այսօր մեր հարցը անհույս մնացել է: Արդեն 13 տարի Եկմալյանի բնակիչներ ենք՝ տուժված, անտուն ապրում ենք: Եկմալյանը կիսաքանդված վիճակում է, գնդակի նման տշշում են. քաղաքապետարանը ասում է վարչապետը կորոշի, վարչապետը գցում է քաղաքապետի վրա»,- նշեց Եկմալյանի բնակիչը:
Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ արդեն 13 տարի է՝ ինչ խնդիրը չի լուծվում.մենք ընդամենը մեր տունն ենք ուզում, ավել բան չենք ուզում:
«Մենք հավատում էինք Նիկոլին, բայց Նիկոլն էլ ոչ մի բան չարեց, ասեցինք՝ ինչ-որ մեկի մեջ գոնե արդարություն կլինի: Մենք ինչքան այստեղ կանգնենք, կամ ինչքան դեռ պետք է գնանք, գանք, որ մեր խնդիրը լուծում ստանա»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Եկմալյան փողոցի բնակիչները արդեն 15 տարի պայքարում են քանդված տների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքում 3 բարձրահարկ է կառուցվել, սակայն տարածքի բնակիչներին ոչ մի բնակարան չի հատկացվել, թեեւ ունեն նախապես կնքված պայմանագրեր: Նրանց մեծ մասը վարձով է բնակվում, իսկ մի քանիսն ապրում են Եկմալյանի` դեռ չքանդված, սակայն կիսախարխուլ, կոմունալ հարմարություններից զուրկ տներում:











