Մենք եկել ենք ոչ ամբողջ բնակիչներով, այլ միայն 5-6 հոգով, որովհետեւ մեր նպատակը ոչ թե ցույց անելն է, այլ մեր ձայնը քաղաքապետարանին հասցնելը՝ սոցիալական հեռավորությունը պահպանելով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Վարդաշենի շենքերից մեկի բնակիչ Հասմիկ Համբարձումյանը: Նա նշեց, որ իրենց շենքը 4-րդ կարգի վթարային է, սեյսմիկ ծառայությունից եկել տեսել են, ասել ոն, որ եզրակացություն կտան, որ 4-րդ կարգի վթարային է, սակայն քաղաքապետարանը արդեն քանի տարի ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի անում, մինչդեռ շենքը աչքներիս առաջ փլվում է:

«Սեյսմիկից 2 անգամ եկել են, վերաստուգում են արել, ճեղքերի վրա դրել են իրենց ասած «թիթեռնիկները», որոնք մի քանի ամսից պատռվել են: Շենքը փլուզվում է Արդեն այն վիճակն է, որ շենքի բնակիչները մեկը մյուսին զանգում հարցնում են՝ երկրաշա՞րժ էր: Շենքի քարերն առաջ են եկել, շենքը ծռվել է: Քոչարյանի ժամանակներից սկսած մինչեւ հիմա ոչ մեկը մեր ձայնը չսլեց: Իշխանությունը միայն ասում է, որ շենքը 3-րդ կարգի վթարային է, պետք է ամրացնենք: 2015 թվականից մինչեւ էսօր ամրացնում են ու այդպես էլ չեն ամրացնում: Նկուղն ամբողջությամբ ջրի մեջ է, տներից խոնավության հոտը փչում է, շորերը չեն չորանում: Սեյսմիկի ներկայացուցիչը մեզ ասում է, որ ինքը գրել-տվել է, որ 4-րդ կարգ է: Հիմա մենք պահանջում ենք այդ եզրակացությունը, որ դիմենք այլ մարմիններ»,-ասաց տիկին Համբարձումյանը:

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը լսելով բնակիչների պահանջը, հենց նույն պահին բարձրացավ վերեւ եւ բերեց սեյսմիկի եզրակացությունը, որտեղ նշված է, որ շենքը 4-րդ կարգի վրաթարային է, ոչ թե երրորդ: «Մենք կպայքարենք, որ մյուս տարվա բյուջեով բնակարանմուտի ծրագիր իրականացվի: Հիմա Արզումանյան փողոցի 2 շենքերի համար նոր բնակարան է կառուցվում: Փորձենք հասնել նրան, որ ամեն տարի գոնե 1-2 վթարային շենքի հարց լուծենք»,-ասաց նա:

Նշենք, որ խոսքը Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 հասցեի հանրակացարանի մասին է, որտեղ 80-90 մարդ է ապրում: