Վարչապետին իրավիճակը ճիշտ չեն ներկայացնում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց ձկնորս Վախթանգ Ստեփանյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հունիսի 18-ին, երբ Կառավարությունը թույլատրեց փորձարարական սիգի որս, վարչապետը հայտարարեց, որ ձկնորսական համայնքի հետ քննարկում եղել է, մինչդեռ ձկնորսներն ասում են, որ քննարկում չի եղել։

«Կհիշե՞ք՝ հրաժարականի ժամանակ, որ վարչապետը Սերժ Սարգսյանին ասաց՝ Դուք չեք տիրապետում իրավիճակին, էդ նույնը հենց հիմա վարչապետի կողքի մարդիկ չեն ներկայացնում իրավիճակը։ Գնում, ասում են, որ սենց է, մենք խոսացել ենք,  Ծովագյուղը, Նորատուսը համաձայն է, խելքները գնում է, որ թուղթ եք տալու, բայց էդ թղթին պայման կա չէ՞։ Իրենք ասում են՝ հոկտեմբորի 1-ից մինչև մայիսի 1–ն արգելվում է ձուկ բռնել, բա մենք ո՞նց ապրենք էդ ամիսներին»,- նշեց Վախթանգ Ստեփանյանը։

Նա հավելեց, որ եթե երեքշաբթի իրենց «խելքը գլխին» պատասխան չտվեցին, ապա նորից են փակելու մայրուղին։

«Սա բոլորիս երեխաների հարցն է։ Էնպես չի, որ երեքշաբթի էլ գանք, փակենք, կգան կհամոզեն ու  կբացենք։ Մարդիկ կան, որոնք մինչև երեքշաբթի իրենց երեխու հացը խանութներից պետք է «նիսյա» տանեն, հաստատ երեքշաբթի օրվանից հետո էդ մարդը «նիսյա» չի տանի, կգա էս մեքենաներից մեկը կթալանի, որ տանի իր երեխային պահի»,- ասաց նա։

Վախթանգ Ստեփանյանը ասաց, որ մինչև երեքշաբթի շարունակելու են աշխատել այնպես ինչպես միշտ։

«Գասպարյան Վովան 90-ական թթ․-ին 6-րդ վարչության հետ մտավ մեր գյուղ ու դուրս է եկել, դուրս են հանել։ Էդ նույն գյուղն ա, էդ նույն հացի խնդիրն է, էդ նույն Գեղարքունիքի մարզն է։ Եթե չեն ուզում այս ոճով աշխատենք, թող էն որ գրված է՝ «Գեղարքունիքի մարզը ողջունում է», գրեն՝ էլ չի ողջունում։ Պատ քաշեն, մենք էլ իմանանք ոնց ապրենք»,- ասաց Վախթանգ Ստեփանյանը։