Փորձ է արվում փոխարինել ազգային բաղադրիչը նեոլիբերալ արժեքներով: Այս մասին «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով հայկական եկեղեցու պատմության առարկան ուսումնական ծրագրից հանելու մասին հարցին:
ՀՀ նախկին նախագահը հիշեցրեց, որ հենց իր օրոք առարկան ընդգրկվեց կրթական ծրագրում: «Ավելին ասեմ: Մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ փոքր ազգ ենք: Այո, մենք մեծ ներքին ուժ ունենք, բայց մենք շատ չենք: Համոզված եմ, որ մենք պետք է որոշակի ազգային բաղադրիչ ունենանք, մեր ինքնության ընկալմամբ, պետք է այնքան հզոր լինի, որ գոյատեւի այս տարածաշրջանում: Երբ շրջապատված ես երկրներով, որոնց հետ բարդ պատմություն ունես` Թուրքիա, Ադրբեջան, որոնց հետ մենք իրականում պատերազմում ենք, ազգային բաղադրիչը կորցնելու իրավունք չունես: Իսկ եկեղեցին դրա զգալի մասն է: Ուստի չեմ կարծում, որ քայլը ճիշտ էր: Փոխարենը, փորձ է արվում նեոլիբերալ արժեքներ սերմանել գիտակցության մեջ: Երբ հանում ես ազգայինը, դատարկ տարածքը կլցվի այդ արժեքներով: Պետք է դիմադրել: Եվ խոսքը միայն եկեղեցու մասին չէ: Հարցին պետք է նայել ավելի լայն համատեքստում»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:











