Շրջածախ առեւտրով զբաղվող 27-ամյա Արմենը չի պատկերացնում՝ ինչպես է աշխատելու քաղաքապետարանի սահմանած նոր կանոններով։ Հունվարից ուժի մեջ մտնող փոփոխությունները՝ ՀԴՄ կտրոնի պարտադիր տրամադրում, առեւտուր միայն ձեռքից, կարող են նրան զրկել եկամտի միակ աղբյուրից։

«Իրենք այնպիսի պայմաններ են ուզում ստեղծեն, որ մենք ինքնակամ էս առեւտուրը չանենք»,-ասում է նա:

Նոր կանոնների համաձայն շրջածախ առեւտրով զբաղվողներն իրավունք չեն ունենա անգամ առեւտրի համար սայլակներ օգտագործել։ Սիլվա Գոգորյանը առանց սայլակի աշխատանքը կազմակերպելն անհնար է համարում։ Հիմա անգամ դրանով շրջել չի կարողանում։

«Իմ երեխու գումարը ստանում եմ 26 հազար, տալիս եմ 60 հազար վարձ, էսի որ ծախում եմ, կոպեկ-կոպեկ հավաքում եմ, դնում եմ, վարձ եմ տալիս, չհաշված լույսի փող, ջրի փող ու ուտել: 76 հազար դրամ լույսի փող եմ պարտք, ես լույս չունեմ, ի՞նչ անեմ»,-ասում է նա:

Առեւտրականները ՀԴՄ կտրոնին  եւ միայն ձեռքից առեւտրին այլընտրանքային տարբերակ են առաջարկում։

«Տգեղ բան է ստացվում, ոնց որ քեզ ստրուկի տեղ բանացնեն, մի ձեռով ՀԴՄ, մի ձեռով քո ապրանքը, ստրուկի կարգավիճակ է, ավելիլավ է ինչ-որ գումար հատկացնեն, ամսական ասեն էսքան գումար, քան թե ՀԴՄ սարքը ձեռքին, մի ձեռքում էլ փուչիկ, դու քեզ ստրուկի կարգավիճակում զգաս»,-ասաց առեւտրականներից մեկը:

Նոր պայմանների վերաբերյալ որոշումն ավագանին ընդունել է 31 կողմ, 6 դեմ եւ 4 ձեռնպահ  ձայներով։