Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի առաջին նիստում պատգամավորները քննարկում են Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները, որոնց ավելի վաղ առաջադրել էին Կառավարությունը, հանրապետության նախագահը եւ Բարձրագույն դատական խորհուրդը։

Նշենք, որ Հայաստանի կառավարությունն առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը՝ ավելի վաղ առաջադրած Վահրամ Ավետիսյանի թեկնածության փոխարեն։ Վահրամ Ավետիսյանը հետ էր կանչել դատավոր դառնալու իր համաձայնությունը։ Հանրապետության նախագահն իր հերթին ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։ Դատավորների ընդհանուր ժողովն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իրենց դժգոհությունն են հայտնել, որ ՍԴ դատավորների պաշտոնների թեկնածուները ժամանակ չեն գտել հանդիպելու խորհրդարանական խմբակցությունների հետ, ինչպես արվում էր նախկինում, եւ պատասխանելու հարցերին։