Հայտնաբերեցինք, որ զինվորական հագուստները, որը վաճառվում էր իքս դրամով շատ դեպքերում չէր թանկացել, կային դեպքեր, որ էժանացրել էին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

«Երբ մեզ տեղեկատվություն հասավ, որ զինվորական հագուստների գներն ավելացել են, անմիջապես փորձեցինք հասկանալ՝ ինչու է դա տեղի ունեցել եւ արդյոք դա տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ։ Հայտնաբերեցինք, որ այն նույնական ապրանքը, որը վաճառվում էր իքս դրամով շատ դեպքերում չէր թանկացել, կային դեպքեր, որ էժանացրել էին»,- ասաց Գեղամ Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է վերավաճառք կատարող անձանց՝ Գեւորգյանն ասաց, որ նրանց նկատմամբ վեհահսկողություն չեն կարող իրականացնել եւ նրանց զսպելու համար հրապարակել են զինվորական հագուստի գները։

«Երբ խոսքը գնում էր զինվորական կոշիկի գնի մասին, 9-ից 19 հազար դրամի մասին էր խոսքը, պարզվեց, որ կա եւ 9 հազար դրամանոց եւ 10 հազար դրամանոց կոշիկ, ուղղակի տարբեր արտադրանքներ էին»,- նշեց Գեղամ Գեւորգյանը։

Անդրադառնալով ռազմական դրությունից հետո ծաղիկների գների թանկացման հարցին՝ Գեղամ Գեւորգյանն ասաց, որ այս ոլորտում խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասին չի կարելի խոսել. «Թե պատճառը որն էր, թույլ տվեք այդ ամենի մեջ չմտնել, բայց ՊԵԿ-ի, ոստիկանության եւ էկոնոմիկայի մեր գործընկերների հետ խոշոր մեծածախ վաճառք իրականացնող ծաղկի շուկաներ այցելեցինք, խոսեցինք վաճառողների հետ եւ  փոխադարձ համաձայնությամբ խնդրեցինք գները նախ փակցնել»։

Գեղամ Գեւորգյանը նշեց, որ որոշ ապրանքների գների բարձրացումներ կան՝ ձեթ, շաքարավազ, ալյուր, կարագ. «Դա կապված է սեզոնի, ներմուծման գների հետ։ Մենք բոլոր փաստաթղթերը պահանջել ենք։ Բոլորի պարագայում ներմուծման եւ ձեռքբերման փաստաղթղթերը մեզ տրամադրել են, հիմնականում դրսից ներկրվող ապրանքներն են թանկացել՝ ձեռքբերման գնի եւ արտաժույթի կուրսի տատանման հետ կապված: Այդ թվերը համադրում ենք: Այս պահին տնտեսվարող սուբյետների կողմից որեւէ բացասական վարքագիծ չենք նկատել»։