Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ եւ արդյունավետ գործունեություն մաղթել: Նախագահը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ջանքերն ու կարողությունները կներդնի՝ զարգացնելու փոխշահավետ գործակցությունը երկու բարեկամ երկրների միջեւ: «Թեեւ մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են իրարից, սակայն մենք համագործակցության մեծ հնարավորություններ ունենք»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Դեսպան ԼըՔլերը նշել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Կանադան Հայաստանում: «Ակնկալում եմ շարունակել ամուր եւ բարեկամական հարաբերությունները Ձեր երկրի հետ: Ուզում եմ նշել, որ մենք հանձնառու ենք՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում»,-ասել է դեսպանը:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքներին, եւ, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին: