Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները սպառնում են ընդդիմության գործիչներին, իսկ երկրում տարածվում է անարխիան: Այս մասին նոյեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով` իշխանությունների կողմնակիցների ցույցից հետո զինվորական համազգեստով մարդիկ սպառնացել են ներխուժել ընդդիմության ներկայացուցիչների տներ:

«Ես նոյեմբերի 10-ից ասում եմ, որ մենք խայտառակ սպառնալիքներ ենք ստանում, ես շարունակում եմ դրանք ստանալ, ինչի մասին բացահայտ ասում եմ: Սա լուրջ խնդիր է մեր ընտանիքների համար, մենք անընդհատ ճնշման տակ ենք: Մեր անվտանգությունը չի ապահովվում»,- շեշտեց Մարուքյանը:

Պատգամավորը նաեւ նշեց, որ Հայաստանում օրեցոր անարխիա է տարածվում, ինչին պետք է վերջ տալ:

«Չկա ոչ մի կանոն եւ օրենք, չկան զսպող ուժեր, յուրաքանչյուրն ասում է այն, ինչ ուզում է, սպառնում է` ում ուզում է, հարվածում է` ում ուզում է: Այս խայտառակությունը պետք է դադարեցվի»,- հայտարարեց պատգամավորը: