Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են նաեւ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցը, սակայն կարճ ժամանակ անց ոստիկանները նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին։

«Մեր վրդովմունքն ենք արտահայտում հրաժարական չտվող դավաճան Նիկոլ Փաշինյանին, որը կառչել է այդ աթոռից եւ չի ուզում հրաժարական տալ։ Ինչպես կարող է պարտված բանակի, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը շարունակելու մնալ իր աթոռին, ինչպե՞ս է նա շարունակելու բանակցությունները, ինչպե՞ս է գնալու Ալիեւի դիմաց նստի, ի՞նչ է խոսելու, կամ իրեն լսելո՞ւ են»,- ասաց փողոցը փակած քաղաքացիներից Անի Կաղինյանը։

Անդրադառնալով Կառավարության կազմի փոփոխություններին, ակտիվիստն ասաց, որ ձուկը գլխից է հոտում, եւ պետք է հեռանա Նիկոլ Փաշինյանը, քանի որ  կոսմետիկ փոփոխություններով ոչ մի հարց չի լուծվելու։

Հարցին, թե փողոցներ փակելով ի՞նչ են ակնկալում, Անի Կաղինյանն ասաց․

«Էդ Նիկոլ Փաշինյանը 10 հոգու հետ քայլելով, ճանապարհներ փակելով եկավ եւ իշխանությունը զավթեց, ու մեզ տարավ կապիտուլյացիայի։ Բոլորս պետք է դուրս գանք մեր վրդովմունքն արտահայտելու, քաղաքացիները պարտավոր են իրենց դիրքորոշումն արտահայտել»։

 Նա հավելեց, որ թեեւ հիմա շատերն են շոկային վիճակում գտնվում, բայց դրանից հետո վստահ է՝ իրենց կմիանան։ Անի Կաղինյանի խոսքով՝ նման ակցիաները շարունակական են լինելու։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանի տարբեր վարչական շրջաններում փակում են փողոցները, ինչի ընթացքում տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել։ Այսօր նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Գյումրիում։