Մարդկանց ընտրում են, որ որոշումներ կայացնեն. Մարդկանց չեն ընտրում, որ ինքը գա հարցնի՝ «Ի՞նչ որոշեմ»: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եղբայր, եթե չգիտես՝ ինչ որոշես, մի ընտրցվի այդ պաշտոնին: Եթե դու Հայաստանի ղեկավար ես ընտրվում, պետք է իմանաս, որ էս երկիրը  ունի սարսափելի հարեւանություն, եւ պետք է հասկանաս, որ բացի կառավարական դաչան, «Մերսեդեսը» եւ մնացած արտոնությունները, կա  Արցախի չկարգավորված խնդիր: Եթե դրան պատրաստ չէիր, չդառնային վարչապետ: Ի՞նչ է նշանակում՝ ինձ կասեին «Նիկոլ դավաճան»: Սաղիս էլ ինչ ասես ասում են»:

Մարուքյանը նկատեց, որ երբ նախկինում քննադատում էր վարչապետին ԱԺ «ԻՄ քայլի» 88 պատգամավորները առանձին առանձին ստատուս էին գրում ու իրեն հայհոյում. «Հիմա ամբողջ ֆեյսբուքը հայհոյում է իրենց, այդ 88-ից չկա մեկը, որ իր ղեկավարին պաշտպանի: Է՞դ ա ձեր թիմը, էդ թիմով եք ուզում երկիրն այս վիճակից հանե՞լ: Հեռացեք, թիմով հեռացեք: Ճնշում նրանց վրա կա, ճնշումները կլինեն եւ գնալով կմեծանան»,-ասաց նա: