«Նամաստեյ» կենտրոնում սեպտեմբերի 28-ից Արցախից եկած երեխաների համար անվճար կազմակերպվում են կավագործության, գրականության և կրկեսային հմտությունների դասընթացներ։
Փարամազ Եփրեմյանը Լիբանանից եկել է Հայաստան՝ երեխաներին կրկեսային արվեստին ծանոթացնելու։ Փարամազը պատմում է՝ Բեյրութում կրկեսային իրերի խանութ ունի, աշխատում է կրկեսում։
«Շատ վատ զգացում է, որ հայրենիքումդ կատարվող ծանր իրադարձություններին հեռվից ես հետևում, չես կարողանում ոչինչ անել։ Դրա համար մտածեցի՝ ամենալավ բանը, որ կարող եմ անել երեխաների հետ աշխատելն է։ Չէի սպասում, որ այսքան հեշտ և լավ կընթանան դասերը։ Բեյրութում կան նաև մարդիկ, որոնք պատերազմի օրերին կամավորագրվել էին, իսկ այսօր Լիբանանից եկած շատ մարդիկ այստեղ մարդասիրական աշխատանքներ են կազմակերպում, Ամանորին ընդառաջ նվերներ են պատրաստում երեխաների համար», - ասաց Փարամազը։
Նախաձեռնության կազմակերպիչ Արմինե Կարապետյանն էլ ավելացրեց՝ ընտրել են կավը, քանի որ այն հակասթրեսային ազդեցություն ունի, հանգստացնում է նյարդերը։ Ապագայում անցկացվելու են նաև նկարչության դասընթացներ։ Դասընթացավարները երեխաների հետ զրույցներ են անցկացնում Հայաստանի և Արցախի գեղեցկության մասին, աշխատում են ցրել պատերազմի մասին բոլոր մտքերը։











