Նախօրեին ադրբեջանական գերությունից Երեւան վերադարձած ռազմագերի Արայիկ Ղազարյանի մայրն արդեն այցելել է նրան։

«Ընդհանուր առմամբ վիճակը բավարար էր, ձեռքերին, դեմքին վնասվածքներ չուներ, ճանաչեց մեզ, անգամ երբ իմացել էր, որ Հայաստանում է, տան համարն էր հիշել, խնդրել, որ զանգեն, մեզ ասեն, որ եկել է։ Չենք խոսել հետը, ընդամենը գրկել եմ իրեն՝ այնքան էի կարոտել»,– NEWS.am-ին պատմեց Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը։

Արայիկի ընտանիքը տեղյակ չի եղել, որ նա նույնպես Հայաստան վերադարձվող գերիների շարքում է։ Որդու՝ Հայաստանում լինելու լուրը մայրն իմացել է ցուցակների հրապարակումից հետո, ինչից հետո շտապել են Երեւան։

«Անակնկալ էր։ Իրեն բերել են հիվանդանոց, նոր մենք գյուղից դուրս ենք եկել։ Մենք չէինք քնել, հարեւանները բոլորը հավաքվել էին մեր տանը, իմացանք ու դուրս եկանք։ Բոլորս աղոթում էինք, որ Արոյիս անունը լինի։ Մենք ուղղակի հույս ունեինք, որ իրեն էլ կբերեն մյուս գերիների հետ։ Ամեն գիշեր ես նկարի մոտ գնում էի, ասում՝ Արայիկ ջան, այսօր էլ մաման քո համար ոչ մի բան չարեց։ Բայց երեկ երեկոյան նկարի առաջ ասել եմ՝ Արայիկ ջան, վերջապես մամայի երազանքը կատարվեց»,– նշեց նա։

Ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանը դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում էր հայտնվել 2019թ. օգոստոսին։ Նրա հետ ընտանիքը կապ էր պահում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։