Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական ուղղություններն ու առաջնահերթություններն, ընդհանուր առմամբ, չեն փոխվել, սակայն կրել են փոփոխություններ իրենց ուժգնության առումով: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝ հարկ է առանձնացնել հետեւյալ հիմնական ուղղություններն ու նպատակները՝
• Արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաեւ քաղաքական գործիքակազմով: Պետք է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետեւողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տեւական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար:
• Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում՝ հիմնված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման վրա: Եթե նախապատերազմյան ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հիմքում դրված էին երեք հիմնական սկզբունքներ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, ապա այս պատերազմը պարզապես վերացրել է դրանցից երկուսի՝ ուժի սպառնալիքի բացառման ու տարածքային ամբողջականության սկզբունքների իմաստը: Մասնավորապես, աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված եւ բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ:
Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման եւ մարդկության դեմ հանցագործության համար: Բացի դրանից, ուժի կիրառման եւ քաղաքական պայմանավորվածության հետեւանքով ոչ միայն Ադրբեջանը չունի միջազգային ընկալմամբ տարածքային ամբողջականության խնդիր, այլեւ այդ երկիրը վերջին պատերազմում բռնազավթել է 1991թ. հռչակմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող որոշ տարածքներ՝ ի լրումն 1990-ականներին զավթված այլ տարածքների՝ տասնյակ հազարավոր բնիկ հայերի դարձնելով անօթեւան:
Ուստի, եթե երեք սկզբունքներից երկուսը դարձել են ժամանակավրեպ, ապա պարտադիր է անհապաղ կյանքի կոչել նաեւ երրորդ սկզբունքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը, որպեսզի հնարավոր լինի մտածել հակամարտության կարգավորման մասին: Այդ առումով կարեւոր է հաշվի առնել եւ՛ Արցախի ժողովրդի կրած զրկանքներն ու տառապանքները, եւ՛ նոր ոճրագործությունների առկա գոյաբանական վտանգները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը դիտարկելով որպես փոխհատուցող ու կանխարգելիչ մեխանիզմ: Բոլորի համար հասկանալի է, որ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը նշանակալի գործնական երաշխիքներ է տալու մեր ժողովրդի անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովման համար»:











