ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարցին, թե ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին, լրագրողներին առաջարկում է դիմել անձամբ Փաշինյանին։

«Դիմեք վարչապետի լրատվականի ղեկավարին, հարցը տվեք, թող պատասխանի, ես իր փոխարեն ո՞նց պատասխանեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Անդրադառնալով հարցիին, թե պատգամավորին ի՞նչ է հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ որոշ դատավորների օրեր առաջ կայացած հանդիպումից, իշխող ուժի պատգամավորն ասաց․ «Գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները պարբերաբար հանդիպում են, եթե չեք նկատել, Ձեր գործընկերներին հարցրեք, որ մեր սենյակներում պարբերաբար մենք հանդիպումներ ենք ունենում դատական իշխանությունների հետ»։

Լրագրողը հստակեցրեց՝ խնդիրն այն է, որ հանդիպման վերաբերյալ տեսանյութից պարզ է, որ հստակ գործերի մասին է հանդիպումը եղել, ինչպես օրինակ՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակման գործից։ Նա հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, երբ  վարչապետն իր մոտ է հրավիրում դատավորներին եւ խոսում է կոնկրետ գործերից ու  հարցնում՝ նորմա՞լ է, որ այս գործով այսքան մարդ կա ներգրավված եւ այլն։

«Գոյություն ունի անմեղության կանխավարկած եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով դա պաշտպանված է, եթե Հանրապետության նախագահը, վարչապետը կամ էլ բարձրաստիճան պաշտոնյան խախտեն մարդու անմեղության կանխավարկածը, տվյալ անձը կարող է դիմել Եվրոպական դատարան եւ այդ փաստն արձանագրվի։ Այն՝ ինչ Դուք ներկայացնում եք, դա դատական փուլում չէ, վարչապետն իրավասու է որոշակի գործով տեղեկություն ստանալ որպես գործադիր իշխանության ղեկավար, այդ թվում՝ ես, Դուք»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ եթե փաստաբանը շահագրգռված է այդ խնդրով, պետք է ասի, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է եւ համամապատասխան դիմում ներկայացնի դատարան։

Հարցին, թե դա ճնշում չէ՞ դատավորների վրա, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց․

«Ոչ, որովհետեւ այդ նույն դատավորների հետ բազմաթիվ անգամներ եղել է, որ հրավիրվել ենք մեր նիստերին, քննարկմանը, աշխատանքային հանդիպում ենք ունեցել»։

Պատգամավորը չկիսեց որոշ իրավաբանների պնդումները, թե անթույլատրելի է նման աշխատանքային հանդիպումները, ընդգծելով, որ  թույլատրելի է։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի վարչապետի՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ «ջարդարարար օլիգարխների եւ մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքն ազգայնացնելու» վերաբերյալ, պատգամավորն արձագանքեց․

«Եթե կոնկրետ անձի ինքն ասում է ջարդարար, կամ հանցագործ, իրոք դա խախտում է»։

Հարցին՝  իրեն մտահոգո՞ւմ է Փաշինյանի գրառումների տերմինաբանությունը, նա ներկայացրեց իր իսկ խոսքով՝ տարբերվող մոտեցումը․ «Մեր հասարակությունը շատ է կենտրոնանում բառերի ձեւակերպումների ինչ-որ արտահայտությունների վրա, փոխարենը նայի գործին, ոճին, աշխատանքին»։

Նիկոլայ Բաղդասարյանը հավելեց․«Եթե, այդ բառն ինձ ուղղված լիներ, եւ տեսնեմ, որ իմ անձի վերաբերյալ հնչեցվում է վիրավորանք, ես կդիմեմ դատարան, եթե ես չեմ դիմում, նշանակում է կամ ինձ չի վերաբրվում, կամ ես դրանից չեմ վիրավորվում»։