Իմ անձնական կարծիքով եւ համոզմամբ՝ գերիների հարցով ադրբեջանական կողմը խաղում է հայկական քաղաքական դաշտի եւ հասարակության նյարդերի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի արդյունքներին։

«Ինչպես ես հասկացա՝ օրակարգում չի էլ եղել ռազմագերիների հետ կապված հարցերը լուծելը։ Ռազմագերիների  հարցերը լուծելը մինչեւ դա էր, եւ վստահ եմ, գիտեք, որ մեր ԱԱԾ պետը երկու հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԱԾ պետի հետ, քննարկվել են հարցերը։ Իշխանության կողմից ասվել է, որ ռազմագերիների օր առաջ վերադարձը մեր համար մեկ խնդիրն է։ Մոսկվայի քննարկումը մեծամասամբ եղել է տնտեսական ճանապարհների ապաշրջափակումը։ Այո, արձանագրվել է, որ ռազմագերիների հարցը չի լուծվել, բայց ես կարծում եմ, որ եռակողմ հանդիպումը ռազմագերիներին չէր վերաբերվում եւ այդ հանդիպմանը չպետք է լուծվեր այդ հարցը»,- ասաց պատգամավորը։

Մեր հիշեցմանը, որ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ օրակարգում է նաեւ ռազմագերիների հարցը, նաեւ վարչապետն էր Մոսկվայում հայտարարել, որ ցավոք, այդ հանդիպմանը չհաջողվեց լուծել ռազմագերիների խնդիրը, իշխող ուժի պատգամավորն ասաց․

«Ճիշտն ասած՝ ես նոր եմ իմանում, ուրեմն եղել է, եւ ինչ-ինչ պատճառներով կամ ընթացքում է, կամ չի հաջողվել, բնականաբար․․․․ Գերիների հարցով ադրբեջանական կողմը, իմ անձնական կարծիքով եւ համոզմամբ՝ ձգձգելով խաղում է հայկական քաղաքական դաշտի եւ հասարակության նյարդերի հետ»։

Նարեկ Ղահրամանյանի բնորոշմամբ՝ ռազմագերիների վերադարձման գործընթացին խանգարում է նաեւ  «քաղաքական վայնասունը»։

«Ժողովրդական լեզվով ասած՝ նաեւ քաղաքական վայնասունն է խանգարում այդ գործընթացին։ Այսքանով ավարտենք, չեմ ուզում փակագծեր բացել, բայց վստահեցնում եմ, որ խանգարում է»,- ընդգծեց նա։

Մոսկվայում կայացած հանդիպմանը արդյո՞ք նպատակահարմար էր եռակողմ հայտարարություն ստորագրել, երբ ռազմագերիների հարցը չի լուծվել․ իշխող խմբակցության պատգամավորը համոված է՝ եթե չլուծվի ռազմագերիների վերադարձի խնդիրը, չի լուծվի նաեւ հաղորդակցության վերականգնման հարցը։

«Ես վստահ եմ, որ ոչ մի ճանապարհների ապաշրջափակում էլ չի լինելու։ Հայտարարությունը կա, որ գնացքներով ապաշրջափակվում են տարածաշրջանի կապուղիները, բայց ես բացառում եմ մի պարագա, երբ որ մեր ռազմագերիները չվերադառնան, եւ ճանապարհները բացվեն։ Եթե խորքային նայենք խնդրին, էդ ճանապարհների ապաշրջափակմանը, դա տեւելու է տարիներ, իսկ գերիները պետք է օր առաջ վերադառնան։ Չի լինելու այնպիսի մի տարբերակ, մենք այնտեղ ռազմագերի ունենանք, ու ճանապարհները ապաշրջափակվեն»,- ասաց նա։

Նարեկ Ղահրամանյանն, այնուամենայնիվ, հույսեր կապում է ստորագրված հայտարարության հետ․

«Ես ծնվել, մեծացել եմ Կապանում, կարող եք ճշտել, թե ժամանակին ինչ գործարաններ են գործել Կապանում, եւ դրանք փակվել են Սովետական Միությունից հետո, զուտ գնացք չունենալու կամ շրջափակման մեջ լինելու պատճառով։ Երբ ես խոսում եմ մեր տնտեսագետների, գործարարների հետ, մեր խնդիրը, իրենց լեզվով ասած, այն է, որ մենք ուզում եմ «Կամազի» կուզովով երկիր պահենք, իսկ դա շատ բարդ է։ Եթե լինի ապաշրջափակումը, միանաշանակ վստահ եմ, որ այդ կետից ամենաշատը շահելու է Հայաստանը, որովհետեւ եթե քարտեզին նայեք, կտեսնեք, որ Ադրբեջանը ուրիշ ուղիներ ունի, իսկ մենք չունենք։ Ունենք-չունենք մի Լարս ունենք, որը շաբաթը 5 օր կարող է փակ լինի, իսկ գնացքը ե՛ւ ապահով է, ե՛ւ էժան է, ե՛ւ եղանակային պայմաններից ելնելով չի փակվում»,-նշեց նա։

Ամփոփելով վարչապետի մոսկովյան այցը, իշխող ուժի պատգամավորն ասաց, որ չի կարող ասել, թե արդյունքները ֆանտաստիկ էին, բայց այն մեզ համար լավ բանակցային գործընթացներ սկսելու մեկնարկ էր։

Նարեկ Ղահրամանյանից հետաքրքրվեցինք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարության վերաբերյալ։ Նախօրեին նա արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին, որում ասվում էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային: Ըստ Պոպովի՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը եղել է փուլային կարգավորման ծրագրում, եւ պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե այս պարագայում հայ հանրությունն ո՞ւմ հավատա՝ Փաշինյանի՞ն, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահին, Ղահրամանյանն ասաց․

«Անկախ այս հարցի բնույթից, տրամաբանական է, որ ՀՀ հանրությունը պետք է վստահի իր ընտրած իշխանություններին։ Ինչ վերաբերում է այլ լուծումներին․պատերազմի ընթացքում մենք ասել ենք, որ բանակցային սեղանի ամբողջ գործընթացը ե՛ւ նախորդ, ե՛ւ ներկայիս, եւ պատերազմից հետո հաջորդողը՝ կախված է ռազմի դաշտում մեր ունեցած հաջողություններից։ Հիմա դուք ասում եք, որ Պոպովն ասել է այսինչ բանը, ես լսել եմ նախկին համանախագահներին, քաղաքագետներին, որոնք ասում են, որ հարցը 1996-ին, 2003-ին, 2011-ի կազանյանով, փուլայինով լուծվելու դեպքում այլ կլիներ, եթե այդպիսի լավ առաջարկներ եղել են, ինչո՞ւ է մերժվել նախկին իշխանությունների կողմից, եթե կար այդպիսի լավ առաջարկ։ Ես իհարկե, չեմ ուզում ինչ-որ մեկին մեղադրել, բայց եթե կար լավ տարբերակ, ինչու հանգավ հենց այս տարբերակին, ինչու սկսվեց պատերազմը։ Միամիտ է մտածել, որ եթե Նիկոլ Փաշինյանի տեղը լիներ նախկին երեք առաջնորդներից որեւէ մեկը, կռիվը չէր սկսվի։ Դա մանկամիտ մարդու կարծիք է, իմ անձնական կարծիքով՝ պատերազմը լինելու էր ցանկացած պարագայում եւ բոլորս դա լավ հասկանում էինք․․․ 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանությունն ասել է՝ ժողովուրդ, բանակցային սեղանը դրված է մարտի դաշտում, ինչ հաջողություն որ մենք ունենանք մարտի դաշտում, դա արտացոլվելու է բանակցային դաշտում։ Վստահ եմ, որ 7 շրջանները հանձնելուց հետո, պատերազմը մաքսիմում կհետաձգվեր 1-2տարով»։

Ըստ Նարեկ Ղահրամանյանի՝ պատերազմին նպաստեց նաեւ աշխարհաքաղական իրավիճակը, իսկ հիմնականում բանակցային գործընթացի ձախողումը, որն ըստ նրա` երկու տարում չէր ձախողվել, այլ դրանից առաջ։ Վերադառնալով Իգոր Պոպովի հայտարարությանը, պատգամավորն ասաց․

«Պոպովը կարո՞ղ է մի փաստաթուղթ ցույց տալ, որտեղ արձանագրված են իր ասածները, որ 7 շրջանները վերադարձնում ենք, եւ կարգավիճակի մասին փաստաթուղթ է ստորագրվում, կա՞ այդպիսի գրավոր առաջարկ։ Եթե եղել է, ինչո՞ւ չի արվել, դա էլ է պետք հասկանալ։ Հիմա եթե եղել է, բայց չի արվել Ադրբեջանի պատճառով, ապա մեզ մեղադրելու հիմք չունեն»։

Անդրադառնալով վերջերս լայն քննարկումների առիթ դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի գրառմանը, որում նա համեմատություն էր անցկացրել «Իմ քայլից» դուրս եկած Սոֆյա Հովսեփյանի եւ «Նիկոլի ուսապարկի» միջեւ, Նարեկ Ղահրամանյանն ասաց, որ բացասական է վերաբերվում այդ գրառմանը։

«Առհասարակ նշեմ, որ Սոֆյա Հովսեփյանը մեծամասամբ իր ձայները ստացել է նրա համար, որովհետեւ եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ցուցակում, ոչ մեկս չենք կարող դա հերքել։ Բայց ամեն դեպքում համեմատել ուսապարկի հետ, ճիշտ չեմ համարում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։