Մենք չենք ասում՝ մենք ունեինք 100 մլն եւ թող տան մեր 100 մլն-ը. մենք ասում են՝ համարժեք եւ խելամիտ սահմաններում փոխհատուցում ենք ուզում: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, կառավարության դիմաց Քաշաթաղի շրջանի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը:
«Քաշաթաղից այս պահի դրությամբ տեղահանված է մոտ 13 հազար բնակչություն, 3 հազարից ավելի ընտանիք: Նրանց մեծ մասը բնակվում է Հայաստանում:
ՀՀ-ից մեզ տրամադրվել է տեղահանված գույքի փոխհատուցում չեմ կարող ասել՝ 300 հազար դրամ եւ 68 հազար դրամ: Այդ ծրագրերում կան սխալներ, բնակչության 20 տոկոսը չի կարողանում օգտվել այդ ծրագրերից: Մեր խնդիրը այն չէ, որ դառնանք նպաստառու պետությունից, մենք ուզում ենք, որ ստանանք փոխհատուցում մեր գույքի դիմաց, մենք կգնենք մեր բնակարանները, կդառնանք գյուղացիներ»,-ասաց նա:
Քաշաթաղցի բնակիչը նաեւ նշեց, որ բնակվարձերը ՀՀ-ում տատանվում է ամսական 100-150 հազարի սահմաններում, որն իրենք ի վիճակի չեն վճարելու. «Բացի բնակվարձը, կան նաեւ կոմունալ վճարներ, որը նույնպես ի վիճակի չենք վճարելու»:
Նա հերքեց տեղեկությունները, թե իրենց հետ կապվել են ու խնդրել ակցիա չիրականացնել. «Դա սուտ է, այդ մենք ենք կապվել իրենց հետ, որպեսզի ակցիայով չդիմենք, այլ դիմենք գրագրության միջոցով, արդյունքի չենք հասել, դրա համար կազմակերպված է այս ակցիան»:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ անդրադարձավ ծրագրին, որ իրենց հյուրընկալած ընտանիքները ամեն անձի համար ստանում են 30 հազար դրամ. «Դեռ այդ գումարը չստացած, արդեն կան մարդիկ դիմում են օպերատիվ շտաբ՝ ասելով, որ իրենց գազը, հոսանքը անջատում են: Բացի այդ, տարբեր պատճառաբանություններով մի մասին մերժում են աջակցության ծրագրերում ներառել: Բոլոր արցախցիները չէ, որ շահառու են հանդիսանում: Մենք ուղղակի ուզում ենք լուծվի կացարանի հարցը, ինչքա՞ն կարող ենք ուրիշի տանը մնալ, ուրիշի հաշվին»:
Բերձորի բնակիչն ասաց, որ իրենք դիմել են նաեւ Արցախի սոցապնախարար Մանե Թանդիլյանին, ով նշել է, որ Արցախում կարող են տրամադրել կացարան, իսկ եթե չեն ուզում վերադառնալ Արցախ, ապա պետք է դիմել ՀՀ կառավարությանը: Նա հավելեց, որ այս պահին Արցախի ապագան անորոշ է, կա անվտանգության խնդիր, եւ իրենց մեծ մասը չի ցանկանում վերադառնալ:











