Բոլոր դեպքերում, երբ իրավասու մարմինն իր պարտականությունները լրիվ չի կատարում, մի մեծ տակառ է ստեղծել եւ բոլոր գործերը գցում է այդ մեծ տակառի մեջ, մենք այստեղ իհարկե, գործը հետաձգելու, ձախողելու միտում ենք տեսնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ իրավաբանների կողմից գլխավոր դատախազությանն ուղղված պետական դավաճանության մասին հաղորդումը կցել են Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործին, ոչ թե առանձին գործ են հարուցել:
«Հիմա մենք մեր այս գործողություններով փորձում ենք փաստի առաջ կանգնեցնել նաեւ դատախազությանն ու ՀՔԾ-ին: Մենք չենք ասում՝ պարտադիր եղել է դավաճանություն: Մենք ասում ենք՝ մենք այսպիսի կասկած ունենք, հարուցեք, ստուգեք: Իրենք հենց դավաճանության հոդվածով պետք է գործը հարուցեին: Սա առաջին հերթին իշխանությանն է պետք: Եթե իրենք իրոք դավաճանության հետ կապ չունեն եւ մեր այս ձախողումն իրենց փնթիության արդյունքն էր, ապա իրենք պետք է շահագրգռված լինեն, որ հարուցվի, ստուգվի: Հակառակ դեպքում ավելի են խորանում մեր կասկածները. Մտծում ենք, որ վախենալու բան ունեն»,-ասաց ՓՊ նախագահը:
Հարցին, թե արդյո՞ք գործող դատախազությունը, ՀՔԾ-ն կարող են օբյեկտիվ քննություն իրականացնել, արդյոք կաշկանդված չեն լինի, նա պատասխանեց. «Կարող է այդ կառույցների ղեկավար կզմի մասով որոշակի կաշկանդվածություն լինել, բայց ես հույսս դրել եմ նրա վրա, որ այդ կառույցներում կարող են լինել նաեւ հայրենասեր եւ բանիմաց մարդիկ: Հույս ունեմ, որ այդ մարդկանց շնորհիվ, եթե փաստերը բերեն նրան, որ իրոք դավաճանություն է տեղի ունեցել, հենց այդ կառույցները կարող են գործադիր իշխանության վերահսկողությունից դուրս գալ: Միգուցե հենց դա է վախը, որ չեն ուզում, որ այս գործը հարուցվի եւ ստուգում կատարվի»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարնի Նոր Նորքի նստավայրում քննվում է իրավաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը, իսկ բակում ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն իրավաբանների:











