Իհարկե, պետք է նոր ընտրություններ լինեն առողջ պայմաններում, առանց այդ վարչապետի, անաչառ մարդկանց միջոցով, որոնք շահագրգռված չեն ընտրությունները կեղծել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Կան մարդիկ, որոնք ընդունում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք հեռանա, բայց կարող է չընդունեն այս շարժումը՝ այս կամ այն պատճառով, մասնակիցների կամ գործունեության պատճառով, բայց այն, որ ժողովրդի 90 տոկոսը տրամադրված է Նիկոլ Փաշինյանի դեմ, դա հաստատ է»,– ասաց Մանուկյանը։
Լրագրողի հարցին, թե քաղաքացիները, երբ իրեն հարցնում են, թե հնարավո՞ր է կորցրածը հետ բերել, ի՞նչ է պատասխանում, Վազգեն Մանուկյանը խնդրեց հստակեցնել, թե կորցրած ասելով ի՞նչ նկատի ունեն, լրագրողի դիտարկմանը, որ խոսքը Արցախի մասին է, Վազգեն Մանուկյանն ասաց.
«Առաջինը մենք կարող ենք վերականգնել մեր ներքին հպարտությունը եւ հարգանքը մյուս ժողովուրդների կողմից, եթե կարողանանք ապահովել մեր անվտանգությունը եւ պետության զարգացումը։ Ինչ վերաբերվում է Արցախին՝ այն ծավալով, որն ունեինք, 7 շրջան եւ այլն, դա չէ մեր ձգտումը, մեր ձգտումը այն է՝ ինչ–որ կար սկզբից։ Այսինքն մեզ պետք է, որ Արցախն իր ամբողջությամբ լինի մի միավոր, որի ստատուսը ուզում ենք անկախ դարձնել, դա բանակցությունների հարց է, եւ բանակցող կողմերը հետ չեն քաշվել այդ նպատակից»։
Մանրամասները՝ տեսանյութում։











