Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն առընթեր ձեւավորված հատուկ վարչությունում սոցիալական հետազոտություն է անցկացվում եւ որոշվում, թե ով կարող է հավակնել պետության կողմից փոխհատուցում ստանալուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Հաշմանդամության առաջին կամ երկրորդ խումբ ստանալու դեպքում զինծառայողները ֆինանսական փոխհատուցում են ստանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից»,-հստակեցրեց նախարարը՝ պարզաբանելով, որ փոխհատուցում տալուց առաջ անհրաժեշտ է սահմանել նաեւ այս կամ այն վնասվածքի ստացման պատճառները եւ հանգամանքները:
Նշենք, որ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» շրջանակում ընդունվել է 18 միջոցառում, սակայն դրանց իրականացման տեմպերի հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել: Մասնավորապես, վարչապետի խոսքով, վիրավոր զինծառայողների օգնության ծրագիրը պատշաճ տեմպերով առաջ չի գնում:











