Շինարարության ժամանակ նոր նորմերը պահպանելու դեպքում Ռիխտերի սանդղակով 8-9 բալ երկրաշարժի ժամանակ մարդկանց ոչինչ չպետք է սպառնա: Այս մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի Շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ Տիգրան Դադայանը:

Նրա պարզաբանմամբ՝ նորմերի կետերից մեկը վերաբերում է երկաթբետոնե պատերին, մասնավորապես՝ դիաֆրագմային: Հիմա նորմում սահմանված են չափերը, հստակեցված են մյուս անհրաժեշտ չափորոշիչները:

«Մյուս կարեւոր կետը կապված է սալի սահմանափակ օգտագործման հետ, որը երկրաշարժի ժամանակ կարող է փլուզվել: Բազմաբնակարան շենքերի երեսապատման ժամանակ հիմա արդեն նոր լուծումներ են անհրաժեշտ: Բարձրահարկ շենքերի շինարարության ժամանակ սահմանափակված է միջնապատերի համար բլոկների կիրառումը, քանի որ դա նույնպես պոտենցիալ վտանգ է ներկայացնում: Հիվանդանոցների եւ դպրոցների կառուցման ժամանակ ընդհանրապես արգելված է միջնապատերի համար բլոկների օգտագործումը: Դրանից բացի, նորմավորված է երկաթբետոնե կառուցվածքներում արմատուրայի կիրառումը»,- նշեց Դադայանը:

Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի Շինարարական ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանն իր հերթին պարզաբանեց, որ նորմերը միջազգային փորձաքննություն են անցել եւ ուժի մեջ են մտել 2020 թվականի վերջին: «Գոյություն ունեցող դրույթների վերանայման անհրաժեշտությունը կապված էր Հայաստանի թարմացված սեյսմիկ քարտեզների, ինչպես նաեւ համաշխարհային գիտության ձեռքբերումների կիրառման հետ»,- պարզաբանեց նա:

Իսկ բուհի Գիտխորհրդի քարտուղար, դոցենտ Լեւոն Լեւոնյանը հաստատեց, որ ընդունված նորմերի պահպանման դեպքում կառուցվող շենքերն ավելի անվտանգ կլինեն: