Ով որ մտածում է երկրի, քաղաքացիների ապագայի մասին, մտավորական է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իր հրաժարականը պահանջող բողոքի ակցիաները էլիտար «բունտեր են»։
«Էլիտա բառը ես չեմ հասկանում, ես հասկանում եմ մտավորականություն բառը։ Ով որ մտածում է երկրի, քաղաքացիների ապագայի մասին, մտավորական է։ Կուզեմ, որ մեր քաղաքացիները լինեն մտահոգ մեր երկրի գալիքի նկատմամբ։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է լինել մտավորական՝ արժեքների, ապագայի և մարդկության մասին մտածելով»,- նշեց Սմբատ Լպուտյանը։
Սմբատ Լպուտյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ինչ արդյունք կունենան ընդդիմության կազմակերպած հավաքները, սակայն, որպես քաղաքացի, երկրում կատարվածի նկատմամբ անտարբեր մնալ չի կարող։
«Ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կունենան ընդդիմության կազմակերպած այս հավաքները, բայց ես, որպես քաղաքացի, չեմ կարող անտարբեր լինել այն բանի նկատմամբ, ինչն այսօր տեղի է ունենում մեր երկրում։ Այն ցավը, որը կա, ինձ հետ է։ Ես ուզում եմ տեսնել լավ հայրենիք, ուզում եմ տեսնել ուժեղ, մեծ արժեքներով քաղաքացիներ, դրա համար ես այստեղ եմ»,- ասաց Սմբատ Լպուտյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին «Ազատությանը» տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ կազմակերպվող ցույցերի իրական նպատակը իշխանությունը ժողովրդի ձեռքից խլելն է։











