Մեր երկրում սահմանադրական ճգնաժամ չկա. մեկը մյուսի հետ պետք չէ կապել։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Լրիվ առանձին գործընթաց է նախագահի կողմից ՍԴ դիմելը եւ Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարեցումը։ Օրենքի ուժով Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ ՀՀ նախագահը դիմել է ՍԴ օրենքի համապատասխանությունը ստուգելու համար։ Ցանկացած օրենքի սահամանդրականություն կարելի է դիմել ՍԴ եւ ստուգել, որը չի կասեցնում այդ գործընթացները»,- նշեց նա։
Մի շարք իրավաբանների այն պնդմանը, որ Հանրապետության վարչապետն ու նախագահը լիազորված չեն ԳՇ պետ ազատելու, Խաչատրյանն արձագանքեց. «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ ՀՀ վարչապետը չկարողանա Շտաբի պետ ազատել։ Դա ասում են մի խումբ իրավաբաններ, որոնց կարծիքը չի նշանակում, որ ճիշտ է»։
Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ ԳՇ պետի նոր թեկնածու ունեն. «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել՝ ով է։ Հնարավորինս սեղմ ժամկետում պետք է Շտաբի պետը նշանակվի։ Շատ ճիշտ է այդ նշանակումը՝ բանակի այս լարվածությունը թոթափելու համար»։
Անդրադառնալով հայտնի հայտարարությանը ԳՇ բարձրաստիճան սպաների միացմանը՝ Խաչատրյանը նշեց, որ բոլորը պետք է ուսումնասիրության առարկա դառնան. «Չեմ կարծում, որ բոլորը պետք է ԳՇ-ից հեռանան։ Պետք է լրիվ պարզաբանվի՝ ինչ հիմքերով են այս ստորագրությունը դրել, ինչու են խախտել Սահմանադրության 14-րդ հոդվածը։ Իմ կարծիքով՝ իհարկե նրանց մեծ մասը պետք է շարունակի ծառայությունը»։
Անդրադառնալով մարզերից ոստիկաններ բերելու գործընթացին եւ լուրերին, թե ոստիկանությունն ընդդիմանում է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, իմքայլական պատգամավորն ասաց. «Ի՞նչ տարբերություն մարզի ոստիկանի, թե՞ Երեւան քաղաքի։ Այսինքն՝ մարզի ոստիկանը պատրաստ է ուժ կիրառե՞լ, Երեւան քաղաքի ոստիկանը ո՞չ։ Մարզային ոստիկաններին միշտ էլ երբեմն ընդգրկում են Երեւան քաղաքում տեղի ունեցող պրոցեսներին։ Երբեմն լինում են հասարակական միջոցառումներ, հանգստի ռեժիմի կազմակերպման համար, իհարկե լինում են դեպքեր, երբ մոտ մարզից այդ ոստիկանությունը, այդ թվում՝ ՃՈ ծառայողները ներգրավվում են Երեւանում իրականացվող ծառայությանը։ Հարկադրանքի միջոցներ չկիրառելու որոշումը իմ կարծիքով՝ հենց քաղաքական իշխանության որոշումն է։ Եթե դա թողնվեր իրավապահ մարմիններին, ապա, վստահ եղեք, որ իրավապահ մարմիններն արդեն կիրառել էին ավելի կոշտ հարկադրանքի միջոցները, ապա այս փողոցում մարդ չէր հայտնվի եւ փողոցը չէր փակվի»։
Խաչատրյանը նշեց, որ եթե որոշ մարդկանց կողմից խաթարվեն Հայաստանի կարեւորագույն օբյեկտների աշխատանքները, այդ թվում՝ Ազգային ժողովի, ապա պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բոլոր պետական հիմնարկները բնականոն գործունեությունն ապահովի. «Չի կարող Ազգային ժողովը ոչ մի վայրկյան անգործության մատնվել ինչ-որ քաղաքական թիմի որոշման հետեւանքով»։
Նրա խոսքով՝ ընդդիմության նպատակը սարդելն է, որ ոստիկանությունը կոշտ միջոցներ ձեռնարկի. «Խորհուրդ կտամ օրենքով նախատեսված այդ իրավունքների սահմանները չանցնել, մնալ բացառապես քաղաքական պայքարի սահմանված նորմերի մեջ։ Ամեն դեպքում, պետությունը թույլ չի տալու, որ իր կարեւոր օբյեկտները, այդ թվում՝ ԱԺ-ն, չաշխատի մի խումբ անձանց որոշման պատճառով։ Մի քանի տասնյակ հազար մարդիկ էլ ուզում են, որ ԱԺ-ն աշխատի, հիմա ի՞նչ՝ նրանք էլ գան հասնեն այստե՞ղ։ Հիմա ես որ կոչ անեմ՝ կարող է ավելի շատ մարդ այստեղ հավաքվի, դա հարցի լուծո՞ւմ է։ Չի կարելի։ Բոլորը պետք է մնան իրավունքի դաշտում»։
Անդրադառնալով ոստիկանության գործունեությանն ու տարածված լուրերին, թե տարաձայնություներ կան ներսում, Խաչատրյանն ասաց. «Ոստիկանությունը հստակ իրականացնում է իր պարտականությունները։ Ոստիկանության մեջ որեւէ տարաձայնություն չկա, չեն էլ կարող լինել»։
Լրագրողի դիտարկմանը, որ ռազմական դրության պայմաններում Ոստիկանությունը ենթարկվում է ԳՇ-ին, Արմեն Խաչատրյանն ասաց. «Այդպիսի կարգավորում կա։ Այս ռազմական դրության խնդիրն էլ առաջիկայում պետք է քննարկման դրվի»։











