Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունների դադարեցումը եւ ազատումը ամբողջությամբ հակասահմանադրական քայլ է: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանը:
Նրա խոսքով՝ ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ հանրապետության նախագահը դա անելու ոչ մի լիազորություն չունեին:
«Մենք պետք է սա արձանագրենք: Սա է հենց հիմնական մոտեցումը, որին համաձայն են նաեւ իրավական ոլորտի մեր որոշ հարգարժան գործընկերները»,- շեշտեց Մելոյանը:
Փորձագետը միաժամանակ կարծում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սկզբում փորձեց մանեւրել, սակայն դա նրան չխանգարեց համագործակցել գործող վարչապետի հետ: Նրա խոսքով՝ այսպես ձեռք բերվեցին որոշակի համաձայնություններ, որոնք եւ թույլ չտվեցին ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության վերաբերյալ վարչապետի միջնորդությունն ուղարկել Սահմանադրական դատարանի քննությանը, որտեղ այն կարող էր հակասահմանադրական ճանաչվել, ինչպիսին եւ է իրականում: Մելոյանի համոզմամբ՝ դրա համար արվել է հնարավոր ամեն ինչ:
«Ուստի կարծում եմ, որ նրանց քայլերում, այնուամենայնիվ, որոշակի համաձայնեցում է եղել»,- շեշտեց սահմանադրական իրավունքի փորձագետը:











