Ադրբեջանի իշխանությունները մեծապես նվազեցնում են գերիների թիվը: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ Երեւանում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին, ներկայիս իրավիճակին, վերականգնման հետ կապված հնարավոր զարգացումներին առնչվող տարբեր հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության հարցերին»,- նշեց նախարարը:

«Այն, ինչ անում է Ադրբեջանը, ոչ միայն մարդկային նորմերի, այլեւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Առաջին՝ Ադրբեջանում ավելի շատ գերիներ ու պատանդներ կան, քան ընդունում է: Երկրորդ՝ Ադրբեջանն ի՞նչ հիմնավորմամբ է փորձում գերիներին ահաբեկիչներ անվանել: Հիմնավորում ունենալու համար, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպությունները տեղում ծանոթանան՝ ովքեր են նրանք, ահաբեկիչներ են թե սովորական մարդիկ, աշխարհազորայիններ: Ինչո՞ւ են նրանք թաքցնում տվյալները: Չէ՞ որ մենք գիտենք, որ գերիներն ավելի շատ են»,- շեշտեց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը շարունակեց՝ ինչու է Ադրբեջանը խախտում եռակողմ հայտարարությունը եւ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, որովհետեւ Ադրբեջանում հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի. «Մենք չգիտենք, թե Բաքվում ինչ նպատակներ են հետապնդում: Գուցե փորձում են խարխլել ներքաղաքական իրավիճակը, քանի որ դա կապված է հասարակության մեջ տիրող տրամադրությունների հետ: Եվ պարզապես ատելությունը: Կան նաեւ այլ պատճառներ, որոնք գոյության իրավունք ունեն, բայց առայժմ չենք ուզում դրանց մասին խոսել»:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ գործող նախագահը լսել եւ գրառել է, թե ինչ կձեռնարկվի՝ ժամանակը ցույց կտա:

Մեկնաբանելով կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը՝ նախարարը հորդորեց իրատես լինել: «Մենք կարեւորում ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա աշխատանքը, հանդիպումները գործող նախագահների հետ: Մենք պատրաստ ենք հանդիպումներին եւ քննարկումներին, բայց մենք չենք աղաչելու եւ նվաստանալու: Սա բխում է նրանց շահերից: Անհրաժեշտ է պահպանել ձեւաչափը, անցկացնել նման հանդիպումներ: ՄԽ եւ համանախագահության կարեւորության մասին մշտապես ասել են համանախագահող երկրների բոլոր ղեկավարները եւ հակամարտության կողմերը»,- նշեց Դավիթ Բաբայանը: