Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա մեր բարձրագույն սպայակազմի համար այս պահի համար կատարել է շատ տրամաբանական լուծում։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու մասին։
«Քանի որ ես հանդիսանում եմ 2016 թվականի քննիչ հանձնաժողովի ղեկավարը, ես հուսով եմ, որ այս քառօրյային գոնե ես զեկույցով հանդես կգամ այն մասով, ինչքանով որ թույլ է տալիս գաղտնիության այդ հատվածը։ Այն զեկույցը, որը ես պետք է ներկայացնեմ, պատրաստ է։ Արտակ Դավթյանն այդ ժամանակ եղել է Օպերատիվ վարչության պետը, հիմա ես կադրային հարց չեմ ուզում քննարկել, աշխատել եմ ժամանակին այդ պաշտոնին շատ ավելի համահունչ Հայաստան եկած շատ ինտելեկտուալ եւ իրենց ծառայական աստիճաններով անցած զինվորականների հետ։ Այս պահին վարչապետը ներկայացրել է ԳՇ պետի թեկնածուի, որը ԳՇ-ի կառավարման փորձ ունի։ Եթե այսօր նայենք Գլխավոր շտաբի կադրային մեր պոտենցիալը, ԳՇ պետի տեղակալը՝ Տիրան Խաչատրյանն ազատված է պաշտոնից, Մակարյանի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, Ստեփան Գալստյանը, որը նաեւ այդ հայտնի ցուցակի մեջ ընդգրկված էր, բայց տեսնում եք՝ նույնիսկ այդ պարագայում պարտականությունները դրված են Գալստյանի վրա»,- նշեց նա։
Լրագրողի այն հիշեցմանը, որ ամիսներ առաջ ինքը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել Ապրիլյան պատերազմի ընթացքում, Քոչարյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ մեր ԶՈՒ-երը ղեկավարել է այն ժամանակվա համար մեկ զինվորական Յուրի Խաչատուրովը, Արտակ Դավթյանը եղել է Օպերատիվ վարչության պետը։ Իմ դիրքորոշումը մնացել է նույնը։ Ես կարծում եմ, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը չի կարող կես ժամից ավելի մնալ թափուր։ Չեմ կարծում, որ Հանրապետության նախագահը ճիշտ որոշում կայացրեց, որ առարկություններով հետ ուղարկեց»։
Անդրադառնալով «Դեժավյու» տելեգրամյան ալիքի այն հրապարակմանը, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ իր հարաբերությունները լարվել են այն ժամանակ, երբ Քոչարյանն իր հրետանավոր որդուն Արցախից դուրս բերելու խնդրանով է դիմել Տոնոյանին, ինչը նա մերժել է՝ Քոչարյանն այդ հարցից հունից դուրս եկավ եւ բղավեց լրագրողի վրա. «Իմ որդին անցել է պատերազմի ամենաթեժ կետից. 17 օր Ֆիզուլի եւ Շուշիով ավարտել է։ Իմ տղան 44 օր պատերազմ է անցել։ Ես ձեզ հոսանքազրկում եմ, դուք հիմա հոսանքազրկված եք։ Բոլոր մունդռիկները հոսանքազրկված են»։
Անդրադառնալով երեկ ակցիայի իրականացնողների այն հայտարարությանը, որ իմքայլական պատգամավորներին «Նեմեսիս» գործողության վերաբերյալ գիրք կուղարկեն, Քոչարյանն ասաց, որ տեղյակ է այդ հայտարարությանը. «Այսինքն՝ ինձ ուզում են խփե՞լ։ Այդ կառույցը ստեղծվել է պատժելու համար Թուրքական Կայսրության այն որոշում կայացնողներին, որի արդյունքում մենք կորցրել ենք մեր նախնիներին։ Պարզվում է, որ այսօր էլ «Նեմեսիսը» գոյություն ունի։ Պետք է գնաք ՀՅԴ եւ հարցնեք՝ «Նեմեսիսի» դերակատարումն այսօր արդյոք ակտուա՞լ է։ Այսօր էլ մեր ԱԱԾ-ն պետք է զբաղվի «Նեմեսիսի» գոյությամբ։ Ժամանակին բացահայտվեց «Դրո» կառույցը, դրանից առաջ կար այլ բան, որը բացահայտվեց։ «Նեմեսիսը» նույնիսկ այն աստիճանի գայթակղիչ է դարձել, որ Թեհլերյանի գործողության հարյուրամյակի կապակցությամբ քաղաքական դաշտում գործող կինը մատերով սկսեց կրակել»։











