Լեւոն Տեր–Պետրոսյանը միշտ էլ հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի փրկօղակը, հիմա էլ է այդ փորձը կատարում։ Այս մասին այսօր՝ մարտի 17–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն` անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, որ պետության, ժողովրդի եւ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող միակ ելքը վերջինիս հրաժարականն է եւ, ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա ապաստանումն արտերկրում:
«Բայց Լեւոն Տեր–Պետրոսյանը տարիքով մեծ մարդ է, եւ ինչ–որ անցյալ ունի, նա պիտի հասկանա, որ իր հայտարարությունը հակասում է իրավունքի սկզբունքներին։ Լեւոն Տեր–Պետրոսյանը չի հասկանում կամ էլ հասկանալով շրջանառության մեջ է դնում թեզ, թե հասկացանք, որ Նիկոլը մեղավոր է, բայց դե մեր տղան է, ապահով երկրից հանենք, հետո ինչ ուզում եք արեք»,– ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Պատգամավորի համոզմամբ՝ առաջին նախագահի առաջարկը Նիկոլ Փաշինյանի «սրտից է բխում»։
«Նիկոլ Փաշինյանն իր աթոռը այնպես է լպստում, ոնց որ գառն իր մոտ կուրծքը, նա շատ է սիրում իր պաշտոնը։ Բայց իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարողացել է իրեն ապահովագրել բազմաթիվ հարցերում եւ հիմա իր համար վարչապետի պաշտոնը գլխացավանք է դարձել։ Իր խնդիրը հետագա անվտանգությունն է, հիմա դրա համար էլ այդ հարցով մեջ է գցում Լեւոն Տեր–Պետրոսյանին»,– ասաց Գեւորգ Պետրոսյանը։
Նախագահի հայտարարությանը, «Իմ քայլի» անդամները բուռն արձագանքեցին՝ մեղմ ասած՝ չընդունելով այն։ Պետրոսյանը վստահ է, որ դրանք բեմադրված տեսարաններ էին։
«Լեւոն Տեր–Պետրոսյանը եթե չի մոռացել, որ ինքը երկիր է ղեկավարել, նման անգրագետ արտահայտություն չպետք է աներ։ Այսինքն՝ մի մարդու, որը տասնյակ հազարավոր երեխեքի գլուխ է կերել, ասում է՝ եկեք այդ ամենի մասին մոռանանք, ու իրեն արտերկիր տեղափոխենք։ Այդ ծնողների անեծքի տակից ո՞նց ես դուրս գալու Լեւոն Տեր–Պետրոսյան»,– նկատեց անկախ պատգամավորը։











