Նորմալ իրավակարգի պարագայում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը եւ ֆեյքի գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում կայացնող դատավորը պետք է քրեական հետապնդման տակ լինեին։ Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ունեցանք հայտնի ֆեյքի գործով դատավորների կողմից հրահանգավորված որոշումներ կայացնելու հրաման։ Անձ կար, որը հայտարարում էր, որ տեսել է Երեւան քաղաքի դատարանի նախագահին հեռախոսով այլ անձին հրահանգներ տալուց։ Ունեցանք  անչափահասի հայր, որը տվյալ քրեական գործով մեղադրվում էր եւ կալանավորման միջնորդություն էր այդ պահին քննվում, այդ անձը կալանավորվեց։ Դրանից հետո հաղորդում ներկայացվեց, երեկ իմացանք, որ այդ գործով բացատրություններ են տվել եւ՛ որոշում կայացրած դատավորը, եւ՛ դատարանի նախագահը, ու նրանք չեն բացառել, որ իրար հետ հեռախոսակապ են ունեցել, սակայն հանգամանքներն են նշել, որ կազմակերպչական գործողություններ են քննարկել։ Ոչ աշխատանքային օրով դատարանի նախագահը կալանքը քննարկող դատավորի հետ երեկոյան ժամին ի՞նչ կազմակերպչական բան էր քննարկում։ Ի՞նչ էին քննարկում, իրար հետ մատաղ ուտելո՞ւ էին գնալու։ Այդ դեպքի հետ կապված քրեական գործ չեն հարուցում։ Գիտե՞ք՝ ինչի են մերժում, որովհետեւ դա հնարավորություն է այդ նույն դատարանի նախագահի, նույն դատավորի համար՝ շարունակել նման գործառույթը»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ դատական իշխանությունն իշխանության թեւերից մեկն է, ընդ որում, հավասարազոր՝ ինչպես օրենսդիր իշխանությանը, այնպես էլ գործադիր իշխանությանը.

«Դատավորները շարունակում են օրենքով սահմանված կարգով իրականացնել արդարադատություն։ Երբ մեզ տարիներ շարունակ ասում էին՝ դատական համակարգը վստահության ցածր չափանիշ ունի։ Ժամանակը եղավ ապացուցելու, որ իրականում դատական իշխանությունը շատ ավելի կայացած իշխանություն էր։ Այստեղ դիմադրողականության խնդիր չի, այստեղ դատարանները պարտավոր են շարունակել իրականացնել արդարադատություն»։

Փաստաբանը նշեց, որ տարիներ շարունակ ձեւավորվել է ավանդույթ, որ պետական իշխանությունը իրացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության միջոցով. «Դատական իշխանությունը մի պահ պետական իիշխանությունից իրեն գործադիր իշխանությունից դուրս դրեց։ Հայտարարեց որպես թշնամի ու դրանից հետո բնազդաբար դատական իշխանությունը դրան պատասխան տվեց, որ մենք այս պետության համար ենք արդարադատություն  իրականացնում։ Տվայտանքները մինչեւ այժմ շարունակվում են օրինակ՝ ԲԴԽ նախագահի նկատմամբ։ Մարդիկ, որոնք ԱԺ-ում հարց էին բարձրացնում պետք է իրենց հարց ուղղել՝ ինչ են իրենց կյանքում ընդհանարապես ստեղծել։ Բացարձակապես որեւէ անհայտ ծագման ինչ-որ երեւույթներ իրենց թույլ էին տալիս դատավորի հանդեպ այդպիսի վայրահաչումներ։ Քանի որ իրենք սովոր են թիմ-թիմ խաղալու, դիտարկում էին որպես իրենց իշխանությանը հակակշիռ, որը այդպես չէ մեծ հաշվով»։

Անդրադառնալով Հայաստանում ռազմական դրության պահպանմանը՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում երբեւիցե ռազմական դրություն չի հայտարարվել. «Հանրության ստվար զանգվածի համար ներքին ընկալման հետ կապված ռազմական դրությունն պետության գերլարման երեւույթ է։ Այսինքն՝ պետությունն այդ պահին պետք է ցույց տա իր ամբողջ ուժը։ Երբ նայում ենք ռազմական դրության օրենքը, դրա նպատակը ՀՀ ԶՈՒ-երի տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ դիմակայել ՀՀ-ի վրա զինված հարձակումը կամ կանխել դրա անմիջական վտանգը»։

Պողոսյանի խոսքով՝ ռազմական դրությունը միայն քաղաքական նպատակով է այս պահին շարունակվում. «Սահմանադրությամբ սահմանված է, որ ՀՀ վարչապետին ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում չեն կարող անվստահություն հայտնել։ Ռազմական դրությունն օգտագործում են, որպեսզի ԱԺ-ում չքննարկվի վարչապետի անվստահության հարցը»։