Դատարանի որոշումը արդեն կա՝ գործադուլը ապօրինի ճանաչված չէ, ուստի մենք շարունակում ենք մեր գործադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը՝ անդրադառնալով փետրվարի 3-ից դպրոցում նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի հրաժարականի պահանջով իրականացվող դասադուլը իրավաչափ ճանաչելու հարցին:

«Դատավորն ասել է, որ կարճման վերաբերյալ որոշումը կայացնելու են մարտի 19-ին: Դատալեքսում գրված է՝ ճանաչել  Նալբանդյան Հասմիկի (դպրոցի գրադարանավարուհի) գործադուլը ապօրինի, սակայն Հասմիկը արդեն մեկ շաբաթ է՝ աշխատում է»,- ասաց Փայտյանը:

Ուսուցիչը հայտնեց, որ շաբաթվա սկզբից դպրոցում մոտ 20 աշակերտի հետ սկսել են դասապրոցես  կազմակերպել, նոր ուսուցիչներ են դասավանդում դպրոցում:

«Նորանշանակ տնօրենը նոր մարդիկ է բերում դպրոց, որոնք անգամ մանկավարժական կրթություն չունեն: Բերել են 10-12-րդ դասարանի տարբեր հոսքերում սովորող աշակերտների: Մենք ասում ենք՝ երեխեք ջան, եթե ուզում եք սովորել, եկեք: Իրենք ասում են՝ մենք ուզում ենք մեր դպրոցը՝ մեր ուսուցիչներով: Մի քանի տասնյակ երեխաներ արդեն դուրս են եկել դպրոցից: Բազմաթիվ ծնողներ զանգահարում են նախարարություն: Ծնողներին ասում են ձեր ուսուցիչներին ստիպեք: Ծնողներն ասում են՝ ո՞նց ստիպենք, ասում են՝ ոնց ուզում եք, թևից քաշեք, բերեք դասարան»,- նշեց նա:

Փայտյանը հայտնեց նաև, որ այսօր՝ մարտի 17-ին ոստիկաններն իրեն դուրս էին բերել դպրոցից, ասելով, որ նա հեռացված է աշխատանքից և որ դպրոց այցելելով խախտում է կարգը:

«Դպրոցի դուռը կողպում են, բոլոր դռների դիմաց ոստիկաններ են կանգնեցրել: Ծնողներին ասում են՝ մեզ ասեք, թե  որ ուսուցչին եք ուզում, մենք իրեն դուրս կհրավիրենք, ինքը կգա: Դպրոցը վերածել են գաղութի»,- պատմեց Փայտյանը:

Փայտյանը հավելեց, որ այս պահին աշխատանքից հեռացված են դպրոցի փոխտնօրենները, տնտեսվարը և երեք ուսուցիչ:

Հայկ Փայտյանի տարածած տեսանյութում երեւում է, որ ոստիկանը դուրս է հրավիրում ուսուցիչներին, քանի որ նրանք չեն ենթարկվում, ոստիկանները ուժով դուրս են բերում Փայտյանին:

Հիշեցնենք, որ Աբովյանի N1 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլ եւ գործադուլ են անում փետրվարի 3-ից՝ բողոքելով նոր տնօրենի՝ Քարմիլե Առաքելյանի նշանակման դեմ: Դպրոցի աշխատակիցների խոսքով՝ նորանշանակ տնօրենը շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի մտերիմն է եւ նրա հովանավորությամբ է նշանակվել տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է իր ընտանիքի կապը նորանշանակ տնօրենի հետ։ Դպրոցի անձնակազմը եւ աշակերտները ցանկանում են որպես տնօրեն տեսնել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին։ Քարմիլե Առաքելյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից։