ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել և գրառել. «Բարձր տեխնոլոգիաների նախարարի ցատկը լրագրողի վրա։ Էդ Շմայսի՞ց էիք փրկում երկիրը»։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:
Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։
Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:
Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:











