Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վրա շուրջ 1 տարի աշխատանքներ են ընթացել, «Լուսավոր Հայաստանն» ամենակառուցողական ձեւով մասնակցել է այդ աշխատանքներին, առաջարկել է բաց ցուցակ, ռեյտինգային ընտրակարգ հանրապետության ամբողջ տարածքով մեկ, սակայն չի ընդունվել այդ տարբերակը, չնայած շնորհակալ ենք, որ նաեւ այդ տարբերակն է ուղարկվել Վենետիկի հանձնաժողով։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով փոփոխված Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու առաջարկին։

«Այս պահին մենք ունենք հետեւյալ իրավիճակը․ խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտորությունների օր, եւ այդ օրը հայտարարելու պահից սկսած մեկնարկել են դրա նախապատրաստական աշխատանքները։ Այդ աշխատանքները պետք է կազմակերպվեն կանխատեսելի օրենսդրությամբ, եւ այս պահին գործող օրենսդրությամբ մենք եւ մյուս բոլոր ուժերը պատրաստվում ենք ընտրությունների։ Եթե փորձ արվի ընդունել նոր օրենսգիրք, դա կարվի 20 օրից մեկ ամսվա ընթացքում, կնշանակի, որ պրոցեսի ընթացքում խաղի կանոնները կփոխվեն։ Հետեւաբար, այս փուլում մենք չենք տեսնում կոնսենսուսի հնարավորություն այդ հարցում, իսկ առանց կոնսենսուսի խորհրդարանում ընդունել Ընտրական օրենսգիրք, նաեւ դրա հնարավորությունը մենք չենք տեսնում, որովհետեւ դա շատ սխալ բան է։

Մեզ անհանգստացնում է այն, որ խաղի ընթացքում կանոնները փոխելը հետ կգցի պրոցեսները, մարզային ներգրավվածությունը կնվազի ապագա խորհրդարանում, եւ այլն։

Եթե նոր օրենսգիրքը իշխանությունն ընդունի, իսկ նրանք դա կարող են, մենք դուրս չենք գալու մրցապայքարից, բայց մենք այդ օրենսգրքին կողմ չենք»,– ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, որ իրենք հայտարարել էին՝ եթե մինչեւ հունիսի 1-ը տեղի ունենան արտահերթ ընտրությունները, ԼՀԿ–ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, մինչդեռ ընտրությունները նշանակվել են հունիսի 20–ին, Մարուքյանը պատասխանեց, որ վարչապետի հրաժարականից հետո իրենք թեկնածու չեն առաջադրի, քանի որ եկել են համաձայնության։

«Այո, մենք ասել էինք, որ գոնե մինչեւ հունիսի 1-ը պետք է ավարտած լինենք։ Բանակցությունների արդյունքում հնարավոր չեղավ, որովհետեւ ավելի ուշ ժամկետներ էին նշվում՝ աշուն, 2023 թվական, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվել է գալ կոնսենսուսի հունիսի 20-ի հետ կապված։ Ամենակարեւոր հանգամանքը նա է, որ կոնկրետ օր ենք պայմանավորվել»,– ասաց նա։

Անդրադառնալով ավել վաղ հնչեցրած իր մտքին, թե ընտրատուփի մոտ արյուն կարող է թափվել, հիմա ի՞նչ է փոխվել, Մարուքյանը պատասխանեց. «Հիմա խմբեր կան, որ զինաթափվել են, խմբեր կան, որ դեռ պետք է զինաթափվեն, խմբեր կան, որ զինվում են։ Այն, ինչ դեկտեմբերին ասել ենք, մի մասով այդ մտահոգությունները փարատված են, մի մասով՝ դեռեւս ոչ։ Իսկ ո՞րն է ընտրությունների այլընտրանքը, շարունակել երկիրը պահել ցնցումների մե՞ջ, անորոշության մեջ, եւ ոչ մի ներդրող, ոչ մեկը, որ ինչ-որ բան է պլանավորում մեր երկրի հետ կապված, չմոտենա՞ մեր երկրին։ Մենք բերել ենք լուծում, դա արտահերթ ընտրություններն են, այն շատ դժվար է բերվել։ Փորձել այդ լուծումը ապականել կամ տարատեսակ մեկնաբանություններով այդ լուծումը ապալեգիտիմիզացնել, դա ավելի վատ է, քան ընդհանրապես լուծում չլինելը։ Ասում են՝ կկեղծեն, եկեք, պահենք՝ չկեղծեն, ասում են՝ զինված խմբեր կան, եկեք, այդ զինված խմբերի տեղերը ասենք՝ գնան, բռնեն։

Իշխանությունը պետք է ամեն ինչ անի, որ կաշառք բաժանողները ձերբակալվեն, պետք է ամեն ինչ անի, որ ինքը չկիրառի ադմինիստրատիվ ռեսուրս, ընդդիմությունը պարտավորություն ունի հսկել այդ ամբողջ գործընթացը, տեղեկացնել հանրությանը, հետամուտ լինել դեպքերի բացահայտմանը»։

Մարուքյանի խոսքով՝ իրենք էլ մյուսների նման մտահոգություն ունեն, որ ընտություններն արդար չեն անցկացվի. «Բայց այդ մտահոգությունը հիփոթետիկ է, պետք է հսկենք, որ արդար անցկացվի»։