Դպրոցները փակելը եւ հեռավար ուսուցման անցնելը լավագույն որոշումը չէ, սակայն եթե նման անհրաժեշտություն լինի, ապա մենք ստիպված կլինենք այդ քայլին դիմել: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, լրագրողներին հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր են արդյոք կորոնավիրուսի համաճարակի նոր ալիքի հետ կապված սահմանափակումներ:
Նրա խոսքով՝ դա անցանկալի տարբերակ է: «Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կանխենք դա, սակայն եթե հանկարծ ստիպված լինենք, ապա, իհարկե, նման միջոցները նաեւ վիրուսի դեմ պայքարի միջոց են: Աստված չանի, որ նորից նման իրավիճակ ստեղծվի»,-ասաց Դումանյանը:
Նախարարը նշեց, որ դպրոցները փակելը եւ հեռավար ուսուցման անցնելը լավագույն որոշումը չէ: «Այսօր նման խնդիր չկա»,-ընդգծեց Դումանյանը: Նա նաեւ նշեց, որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս անհրաժեշտ է առավելագույն հետեւողականություն ցուցաբերել՝ նման իրավիճակում կրկին չհայտնվելու համար:











