Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը պատասխանել է Բաքվում ռուսական «Իսկանդերի» «ցուցադրմանն» առնչվող լրագրողների հարցին:
Մեկնաբանելով այն հարցը, թե Մոսկվային արդյոք չե՞ն անհանգստացնում ադրբեջանական մամուլում հնչած քողարկված մեղադրանքներն այն մասին, որ «Իսկանդերն» իբր արձակվել է ռուսական ռազմաբազայի տարածքից, դեսպանը նշեց. «Գիտեք, մեղադրանքները կարող են տարբեր լինել: Վարժվել ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ արտահայտում են այս կամ ենթադրությունը, այս կամ այն մեղադրանքը: Բայց ես կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է, եւ դեպի որը պետք է կողմնորոշվել»:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքվում Ադրբեջանի ականազերծման գործակալության ներկայացուցիչները «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ տարածքում ցուցադրել էին «Իսկանդեր» հրթիռի բեկորները:
Բեկորներն իբր գտնվել էին Շուշիում մարտի 15-ին տարածքը ականներից եւ չպայթած ռազմամթերքից մաքրելու գործողության ժամանակ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ տեղյակ չէ՝ պաշտպանության նախարարությունից զեկույց ներկայացվե՞լ է պետության ղեկավարին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները Լեռնային Ղարաբաղում իբր «Իսկանդեր» հրթիռի բեկորներ են հայտնաբերել:
«Ո՛չ, որքանով հասկանում եմ՝ սա նոր տեղեկություն է»,- ասել էր նա: «Ինձ հայտնի չէ, այս մասին զեկուցե՞լ են արդյոք զինվորականների գծով, մեր զինվորականների տրամադրության տակ կա՞ արդյոք այդ մասին ինչ-որ մանրամասն տեղեկություն: Սա, իհարկե, ավելի շատ իրենց առանձնաշնորհն է»,- շեշտել էր Կրեմլի ներկայացուցիչը:
Ընդ որում՝ Պեսկովը հիշեցրել էր, որ «Իսկանդեր» հրթիռները չեն կիրառվել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայի ժամանակ: «Սա (չկիրառելը) հաստատվել է»,- ասել էր նա: Նա հավելել էր, որ Կրեմլի «տրամադրության տակ տեղեկություններ չկան», թե որտեղից են հայտնվել բեկորները, որոնք իբր հայտնաբերել է ադրբեջանական կողմը:











