Մեղադրում են մի մարդու, որը 44 օր կամավոր մասնակցել է պատերազմին: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Հակոբ Բերբերյանի կալանավորմանը:
«Մեղադրում են մի մարդու, որը 44 օր կամավոր մասնակցել է պատերազմին: Բա մարդ, որին 44 օր անընդհատ ասում են՝ հաղթելու ենք, հաղթում ենք, հաղթել ենք, լսելով այս խայտառակ կապիտուլյացիայի մասին, ի՞նչ են մտածում քաղաքացիները, տարօրինա՞կ է, որ այդ մարդը գալիս է կառավարություն հարցեր տալու համար: Նա պատերազմի 44 օրը մասնակից է, նա ամբողջ դժոխքը անցած մարդ է՝ Ֆիզուլիից մինչև Շուշի, նա այն վերջին հայերից է եղել, որ Շուշիից դուրս է եկել, բա այդ մարդը գնացել է այդտեղ՝ հարցեր ուղղելու, բռնել եք այսքան ժամանակ պահում եք, սա հակահայկական քաղաքականություն է: Դրա համար Բերբերյանը համարվում է ոչ միայն քաղաքական բանտարկյալ, այլև ազգային բանտարկյալ: Գործ ունենք ոչ թե սովորական քրեական գործի, այլ քաղաքական հետապնդման հետ»,- ասաց նա` նշելով, որ Բերբերյանին երկու էպիզոդում են մեղադրում, և դրանցից որևէ մեկը ֆիզիկական բռնություն կամ գույքի ոչնչացնել իր մեջ չի պարունակում:
Մելիքյանը հիշեցրեց, որ որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հայտարարության մեջ անդրադարձել է իր կեցավայրից գողացված իրերին և իր հայտարարությամբ ցուցում տվել կալանք կիրառել այդ անձանց նկատմամբ, որից հետո Վերաքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական որոշումը և փետրվարին տեղի է ունեցել կալանավորումը:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս տասի գիշերը Կառավարության շենք մուտք գործած, զանգվածային անկարգություններ իրականացրած անձանց մասով քրեական գործի շրջանակներում 50 անձի մեղադրանք է առաջադրվել:











