Ոստիկանության աշխատակիցները 13 օր անց՝ այսօր՝ ապրիլի 6-ին կրկին այցելել են «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ և փորձել փակել դուռը։ NEWS.am-ի հետ զրույցում կուսակցության ղեկավար Արամ Հարությանը նշեց, որ սա քաղաքական պատվեր է, որն ուղղված է իր գործունեությանը։
«Երբ ճշտեցի, թե ինչու են եկել, ասացի՝ ծանուցում արեք փոստով։ Կարծես թե Նիկոլ Փաշինյանին այլ բան չի հետաքրքրում, քան ութհարկանի շենքի յոթերորդ հարկը՝ այդ ավերված տարածքը։ Ես չգիտեմ՝ ծանուցման մեջ ինչ էր գրված, ասացի՝ ուղարկեք փոստով։ Ստացվում է, որ Հայաստանի թիվ մեկ թշնամին, դավաճանն իր կառավարության որոշումով փորձում է խանգարել քաղաքական գործիչների աշխատանքը։ Ոստիկանների մի մասը նույն մարդիկ են, որոնք հանրահավաքների ժամանակ մարդկանց բերման են ենթարկում։ Նախորդ անգամ ես ճանաչեցի։ Այս անգամ ուղղակի դուռը չեմ բացել»,- ասաց Արամ Հարությունյանը։
Արամ Հարությունյանի կարծիքով՝ Կառավարությանը ոչ թե հետաքրքրում է տարածքի հետ կապված խնդիրները, այլ իրենց ցանկանում են վտարել տարածքից քաղաքական գործունեության համար։
«Եթե վտարման խնդիր են ուզում լուծել, թող Սյունիքի սահմանների գյուղերից կամ Շուշիից վտարեն ադրբեջանցիներին։ Եթե այդքան մտահոգում է, թող շենքը սարքեն։ Ինչո՞ւ չեն սարքում։ Մենք փորձ արել ենք նորոգելու, բայց տեսնում ենք՝ ինչ վիճակ է։ Ակնհայտ է, որ սա քաղաքական պատվեր է՝ կապված իմ քաղաքական գործունեության հետ։ Իրենք փորձեցին տարբեր ձևերով ճնշել
Ես չգիտեմ, եթե իրենք մեզ այստեղից հանեն, ինչի համար պետք է օգտագործեն։ Կարող է սնայպերների որջ լինի, որովհետև երբ ինքը գալիս էր Կառավարության երրորդ մասնաշենք այս շենքից հսկում էին»,- նշեց Արամ Հարությունյանը։
Արամ Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ընտրություններին չի մասնակցելու, որովհետև եթե Կառավարության մի մասնաշենքից մյուսը ոստիկանական խմբերի հետ է գնում, քարոզարշավ անել չի կարող։
«Եթե վատ սցենարով ինքը մասնակցի ընտրություններին, ավելի վատ սցենարով հաղթի, մեկ է, 5 տարի ինքը վախը իր մեջ է։ Առանց այն էլ կասկածներ կան, որ ինքը հոգեկան շեղումներ ունի, համոզված եմ, որ իր հիվանդությունը կծանրանա»,- ավելացրեց Արամ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին ոստիկանության աշխատակիցներն այցելել են «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ եւ բերման ենթարկել կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին:
Նա այդ ժամանակ հայտարարել էր. «Մենք 2001 թվականից այստեղ վարձակալությամբ ենք: ժամկետը լրացավ, մենք դիմեցինք, որ երկարացնեն ժամկետը, չեն երկարացրել: Հիմա քաղաքապետարանից պահանջում են ազատել տարածքը: Ընդ որում առանց մեզ ասելու տվել են դատարան: Դատարանը մեզ վտարելու որոշում է կայացրել, որին մենք ներկա չենք եղել եւ բնականաբար, չենք կատարելու դատարանի որոշումը: Քանի որ տարածքն անմխիթար վիճակում է, տանիքը կաթում է, ես ասել եմ՝ մինչեւ չսարքեք, ես վարձ չեմ տա: 2001-ից այստեղ ենք, 2009-ից չենք վճարել վարձը: Մենք առաջարկել ենք նոր պյմանագիր կնքել, սակայն ոչինչ չեն արել»:











