Մենք թուրքերի հետ չենք կարող որևէ հարաբերություն կառուցել մինչև թուրքերը չզղջան հայ ժողովրդի հանդեպ գործած մեղքերի համար և փորձեն այդ մեղքերը քավել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Վարագյանը։

«Բարեկամության մասին խոսք լինել չի կարող, որովհետև ընդամենը 5 ամիս առաջ թուրք-ադրբեջանական զինված խուժանը սպանել է հազարավոր հայերի, այդ թվում խաղաղ բնակչության։ Այս ֆոնին չենք կարող գնալ խաղաղություն, բարեկամություն աղերսել։ Հայ ժողովուրդն արժանի չէ դրան։ Այն մարդիկ, որոնք պատրաստ են չոքելու, թող գնան ու այդպես վարվեն, որևէ մեկն իրենց չի խանգարելու»,- նշեց Վարագյանը՝ հընթացս նկատելով, որ մեր երկիրն ուռուցքով հիվանդ է և քաղցկեղածին բջիջներն արագ զարգանում են ու փորձում են երկիրը սպանել, հասարակության առողջ հատվածը պիտի փրկի հայրենիքը։

Ըստ նրա, այսօր հասարակությունը ոտքի չի կանգնում ու այս իշխանությունների հեռացումը չի պահանջում այն պատճառով, որ բոլորը սգի մեջ են, ցավը մեծ է. «Որքան հասարակությունն ուշ ոտքի կանգնի, այնքան ավելի դաժան ու ողբերգական է լինելու այս իշխանության վերջը»։

«3 տարիների ընթացքում մեր հասարակությանը կերակրեցին այն բանով, որ զինվորը զոհվել է հանուն ոչնչի։ Այս պատերազմում էլ այդպես վարվեցին։ Այդ ընտանիքների միակ սփոփանքը, մխիթարանքն այն է, որ նրանք վստահ լինեն, որ իրենց զավակներն իրականում հանուն հայրենիքի են զոհվել։ Մենք՝ հասարակության առողջ հատվածը, շնորհակալ ենք այդ ընտանիքներին, որոնց զավակներն այս համընդհանուր դավաճանության մեջ որքան կարողացել են, պաշտպանել են հայրենիքը»,– ասաց Վարագյանը, որն իր նախաձեռնության անդամների հետ այցելում է զոհված զինծառայողների ընտանիքներին։

Պատերազմի հետևանքները, նրա գնահատմամբ, լուրջ հետաքննության, ուսումնասիրության առարկա պիտի դառնան, սակայն այդ բացահայտումները հնարավոր են միայն այս իշխանության հեռացումից հետո։ Վարագյանը չբացառեց, որ տեղի է ունեցել դավադրություն, երբ իշխանությունը կանխամտածված պարտության է տարել մեր բանակին։ «Սրանք կործանված մարդիկ են և իրենց կյանքի նման կործանում են մեր երկիրը։ Բոլոր նորմալ մարդկանց կյանքը փորձում են դժոխքի վերածել»։

Մանրամասները՝ տեսանյութում։