Ապրիլի 7-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջան քաղաքի՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված, 31-ամյա մի բնակիչ Շահումյան փողոցի առանձնատներից մեկում գողություն է անում:

Քրեական հետախույզներն անմիջապես դեպքի վայր մեկնեցին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցամիտը տեխնիկական միջոցների գործադրմամբ արդեն բացել էր առանձնատան դուռը: Գողության պահին ոստիկանները բռնել էին: Կասկածյալը փորձել էր փախչել, այդ պահին դիմացի տնից ոստիկանության Դիլիջանի պահպանության բաժանմունքի ոստիկաններից մեկը քրեական հետախույզներին օգնության էր հասել: Բնակարանագողը դիմադրել էր, ինչի հետևանքով կոտրվել էր առանձնատան պատուհաններից մեկը և վնասել օգնության եկած ոստիկանի նախաբազուկը:

31-ամյա տղամարդու ջանքերն ապարդյուն էին: Նա բերման ենթարկվեց ոստիկանության Դիլիջանի բաժին և ձերբակալվեց:

Վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց:

Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: