Ես չեմ կարող մեկնաբանել վարչապետի այդ միտքը. քաղաքական իմաստով ես էլ կարող եմ գնահատական տալ, ես էլ եմ գտնում, որ մեր քաղաքացիների շարքում կան մարդիկ, որոնք միգուցե ոչ դիտավորյալ, բայց իրենց վարքագծով, իրենց պահվածքով անունեն գրեթե նույնը, ինչ կանեին հատուկ գործակալները. հիմա եթե այդտեղ հանցակազմ կա, թե չկա, դա իմ որոշելիքը չի: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ եւ անգամ անունները կարելի է նշել:
«Այդ ամենը այնքան պարզ է, որ մի լրացուցիչ անգամ անուններ տալով մի կաթիլ յուղ լցնել լարվածության մթնոլորտին, ես չեմ գտնում նպատակահարմար»,-ասաց Աղազարյանը:
Անդրադառնալով սահմաններում տիրող իրավիճակին, նա ասաց. «Պարտությունից հետո մենք բավականին երկար նոր սահման ենք արձանագրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որը մինչ այդ կահավորված չի եղել անհրաժեշտ մակարդակով: Այդ հսկայական տարածքը այս ժամանակամիջոցում միգուցե հնարավոր չի եղել կահավորել, կամ միգուցե մենք թերացել ենք կամ չենք հասցրել: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը իրեն պետք է իրավունք վերապահի նմանատիպ քայլեր անելու:











