Ես ողջունում եմ ՀԱԿ-ի որոշումը՝ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Անկախ իմ գնահատականից, իմ վերաբերմունքից Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ես գտնում եմ, որ ՀԱԿ-ում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, որոնք իրենց օրինակով, իրենց պահվածքով, գիտելիքներով կարող են օգտակար լինել մեր հայրենիքի կառուցմանը, զարգացմանը: Ես հաջողություն եմ ցանկանում իրենց: Իհարկե, ոչ այնքան, որ մեզ հաղթեն: Այդպիսի մարդիկ պետք է լինեն խորհրդարանում, որոնք քաղաքական ու գաղափարական հենքով են շաղախված իրար հետ, ոչ թե ուրիշ հենքով: Այդպիսի մարդկանց հետ եւ բանավեիճելն է հեշտ, եւ այս կամ այն հարցի շուրջ բուռն քննարկումների արդյունքում կարող են գալ ինչ-որ եզրահանգման: Իսկ այն մարդիկ, որոնք միավորվել են լրիվ ուրիշ շաղախով, իրենց հետ դժվար է: Ասենք, եթե դու ֆուտբոլ ես խաղում, իսկ դիմացինդ ռեգբի, դու չես կարող խաղալ ու հաղթել: Պետք է բոլորը ֆուտբոլ խաղան, որ կարողանաս այդ օրենքներով շարժվես»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ չպետք է թույլ տալ ոչ Միկոլ Փաշինյանի վերարտադրությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, «Իմ քայլի» պատգամավորն ասաց. «Եթե հիշում եք՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ինքը հայտարարեց, որ դառնում է 68 տարեկան եւ նպատակահարմար չի գտնում մասնակցել նախագահական ընտրություններին: Հարց է առաջանում՝ դրանից 2 տարի առաջ ինքը չգիտե՞ր, որ 68 տարեկան է դառնալու: Նա չկարողացա՞վ իր շրջապատում մեկնումեկին նախապատրաստել, որ մասնակցի նախագահական ընտրություններին՝ փորձ անելու այլընտրանք ձեւավորել այն իշխանություններին, որին համարում էր ավազակապետություն: Նա դա չարեց:

Հիմա, երբ անցնելով կորոնավիրուս, պատերազմի ծանր իրողություններ, դրանից հետո եթե Նիկոլ Փաշինյանն իր թիմով արձանագրի հաջողություն ընտրություններում, ինչում ես համոզված եմ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա, ինֆարկտ կստանա, որովհետև ինքը իրենից բացի ոչ ոքի չի տեսնում»:

Հարցին, իսկ ինքը տեսնո՞ւմ է այլ լիդեր ՆԻկոլ Փաշինյանից բացի, Հովիկ Աղազրայանը դրական պատասխան տվեց. «Այս նախընտրական իրողություններում տեսնում ենք, թե ինչքան հարուստ ենք քաղաքական դեմքերով: Այն թեզը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չլինի, բ ով լինի, Ռոբերտ Քոչարյանը չլինի, բա ով լինի, Սերժ Սարգսյանը չլինի, բա ով լինի, Նիկոլ Փաշինյանը չլինի, բա ով լինի, դրանք կեղծ, մտացածին թեզեր են: մենք ունենք շատ լուրջ քաղաքական ներուժ, բարձր որակներ ունեցող անհատներ եւ քաղաքական ուժեր, որոնք կարող են ներկայանալ  ժողովրդին եւ ստանալով վստահության քվե, իրենց ներդրումը բերել»: