Այսօր մենք ապրում ենք անկումային ժամանակներում, չունենք վստահություն վաղվա  օրվա հանդեպ, անորոշ ու մշուշոտ է ապագան: Այս մասին իր տեսաուղերձում նշել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չկա հավատ ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ էլ առհասարակ քաղաքական ուժերի հանդեպ: Մեր հայրենիքը սպառնալիքների մեջ է: Մեր պատմության մեջ նման սպառնալիքներ էլի են եղել, բայց մեր հավատի ու եկեղեցու շնորհիվ դարեր ի վեր կարողացել ենք ապրեցնել մեր հայրենիքը, նույնիսկ ամենաանհնար ու ճգնաժամային իրավիճակներում: Անվստահությունն ու անորոշությունը զրկում, են մեր ազգին հույսից եւ ապահով ապագայի տեսլականից, բայց  այսպես երկար շարունակվել չի կարող:

Հաշվի առնելով, որ հայրենիքը սպառնալիքների մեջ է, առաջարկում ենք վեր կանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը, միմյանց հանդեպ լցվել սիրով եւ վստահությամբ:

Մայիսի 24-ին, ժամը 18.30-ին հրավիրում ենք բոլորին Դվին համալիր խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները եւ մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը:

Մենք պարտավոր ենք միաբանելու ազգի ներուժն ու կարողականությունը հանուն մեր վաղվա սերնդի հույսով եւ հավատով լի ապագայի:

Խորհենք, թե ինչ երկիր ենք ուզում կառուցել եւ ինչ ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին: Այսօր Հայաստանում վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծությունը: Մի պահ կանգ առնենք, մեր հայացքներն ուղղենք Աստծուն եւ խաղաղվենք: Եկել է միաբանվելու ժամանակը, եւ ես վստահ եմ, որ միասին մենք կարող ենք»: