Նորաստեղծ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը ԱԺ արտահերթ ընտրություններին ամենայն հավանականությամբ մասնակցելու է դաշինքով, որի ընտրական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Նորաստեղծ կուսակցության ղեկավարը բարձր է գնահատում «Միացյալ Հայաստանի» ուժերը եւ հավաստիացնում է՝ ընտրություններին հաղթելու են։ Սա այն դեպքում, երբ ԱԺ ընտրություններին մասնակցելու են գործող իշխանությունները, Հայաստանի նախկին նախագահներ՝ Լեւոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ–ն, ինչը նշանակում է, որ մրցակցությունն ուժեղ է լինելու։
«Մենք չենք մրցակցում որեւէ մեկի հետ, մենք գնում ենք հանուն հզոր Հայաստանի։ Սա մրցապայքար չէ, ոմանք որոշ դեպքերում ասում են՝ մարաթոնյան սկզբունքով են լինելու ընտրությունները, ոմանք զուտ մասնակցությունն են կարեւորում, ո՛չ, «Միացյալ Հայաստան» դաշինքը լինելու է առաջիկայում ազգի կողմից գնահատված ամենամեծ ուժը եւ հաղթելու է առաջիկա ընտրություններին»,– ասաց Թարվերդյանը։
Նրա խոսքով՝ հանրությունն այս շրջանում ուզում է վստահ լինել, որ նորաստեղծ քաղաքական ուժը ինչ–որ մեկի պրոյեկտը չի։ Թարվերդյանը շեշտում է՝ կամ բոլորը համախմբվելու են ԱԺ–ում, կամ էլ «Միացյալ Հայաստան» դաշինքը չի համագործակցելու որեւէ մեկի հետ, հետեւաբար, քաղաքական ճգնաժամը խորանալու է։
«Բայց վստահ եմ՝ մենք հաղթելու ենք, ստեղծվելու է համազգային Կառավարություն, եւ նա, ով արժանի է մասնակցելու պետության կառավարմանը՝ անկախ նրանից, թե անձը որ քաղաքական ուժից է, կասեցնելու է իր քաղաքական պատկանելությունը եւ ծառայի հասարակությանը, ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնելու «Միացյալ Հայաստան» դաշինքը»,– նշեց Թարվերդյանը։
«Միացյալ Հայաստան» դաշինքի ծրագրում առանցքային են լինելու տնտեսության եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ դրույթները։
«Այսօր բանվորի աշխատավարձը մեկ ժամվա համար կես ամերիկյան դոլար է, մենք ստանձնելու ենք պարտավորություն, բանվորի աշխատավարձը կես դոլարից առաջիկա մի քանի տարիների ընթացքում հինգ ամերիկյան դոլար սարքել։
Դա բարդ ու դյուրին է, երբ որ ինովացիոն տեխնոլոգիաներ ես օգտագործում։ Երբ գյուղացու փոխարեն մտածում ես՝ ոնց անի մարդը, որ ոչ թե ազատվի վարկեր վճարելուց, այլ ի վիճակի լինի վճարել, ի վիճակի լինի արարել, իր ստեղծած բերքն ու բարիքը իրացնել, պետության խնդիրը պետք է լինի կազմակերպել գյուղացու ու վերամշակողի միջեւ համագործակցությունը։
Գյուղացին կարող է կատարել վարկային պարտավորությունները, վարկի վճարման տոկոսադրույքի իջեցման եւ ժամանակացույցի փոփոխության պարագայում։ Նրանք ի վիճակի կլինեն վարկ վճարել մեկ պարզ եղանակով. պետությունը պարտավորություն կունենա մթերել նրանց բերքը»,– ասաց նա։
Ըստ Թարվերդյանի՝ պետք է պարարտ դաշտ ստեղծել ներդրումների համար։
«Հայտարարել են 3,5 մլրդ դոլար ներդրումների մասին, սակայն մեկ միլիոն դոլարից ավելի պակաս ներդրում է կատարվել։ Ներդրումը տեխնիկական փողի տեղաշարժ չէ, դա պարարտ հողի ստեղծում է։ Մեր սփյուռքը 30 տարի ուզում է տեսնել վստահելի Կառավարություն, իհարկե, եղել են ներդրումներ, ունեցել ենք երկնիշ աճ, բայց կուզենայի ուսումնասիրել այդ տարիներին միջազգային տնտեսական աճի ցուցանիշները, իսկ գուցե կարող էր լինել 30 կամ էլ 50 % աճ»,– ասաց Երվանդ Թարվերդյանը։
Նա կարեւորում է նաեւ այլ երկրների հետ համագործակցության խորացումը։ Օրինակ, Չինաստանի, Հնդկաստանի ու Իրանի հետ. «Այս երկրները ցանկանում են համատեղ ծրագրեր անել, բայց խորը ծրագրեր երբեք չեն քննարկվել։ Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ ունենք ստրատեգիական գործընկեր՝ Ռուսաստանը, սակայն, մենք ունենք եղբայրական Ֆրանսիան, Միացյալ Նահանգներ, որտեղ մենք բավականին ազդեցիկ ենք։ Մոտ մեկ տոկոս նախընտրական ձայն ունենք ԱՄՆ–ում, մեր սփյուռքի հաշվին։ Գիտեք, որպես պետություն ինչ կարեւոր ենք ամերիկացիների համար։ Եթե երկիրը ղեկավարի մի մարդ, որը իր հոգին տա հանրությանն ու ծառայի նրան, ամբողջ սփյուռքը աշխատելու է այդ համազգային կառավարության հետ»։
Արտաքին քաղաքականության մեջ Երվանդ Թարվերդյանը շտկումների անհրաժեշտություն է տեսնում; Նա ընդգծում է, որ պետք է վերականգնել այն երկրների հետ հարաբերությունները, որոնք դարեր շարունակ ունեցել ենք։
«Այսօր մեր Կառավարությունը միաբեւեռ քաղաքականություն է վարում, նախկինում՝ Եվրամիություն, ԱՄՆ, պատերազմից հետո շատ կտրուկ տեղափոխություն կատարվեց Ռուսաստանի Դաշնություն։ Այսօր Սյունիքի հարցով, Ֆրանսիայի ղեկավարը պատրաստակամություն է հայտնում ռազմական օգնություն ցույց տալ, բայց պատասխան չի ստանում։ Իսկ ինչո՞ւ չհրավիրել ռազմական ինքնաթիռների մեկ էսկադրիլ եւ դա պահպանել ռուսական ինքնաթիռների կողքին, որ մեր հարեւան թշնամի երկրները հասկանան՝ մենք միայնակ չենք պայքարում նրանց հետ։ Իհարկե, Ռուսաստանը մեր ստրտեգիական գործընկերն է, բոլոր համաձայնագրերը այդ մասին են վկայում։ Մարդն անգամ բանաձեւն է ասում, թե ինչպես կարող է քեզ օգնել, լինելով ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի անդամ, ո՞նց կարելի է հրաժարվել օգնությունից եւ գնալ շաբաթներով բանակցել, որ մարդիկ անցել են քո պետական սահմանը։ Ո՞ւր է բանակն ու Գլխավոր շտաբը, նրանք միայն քաղաքական հայտարարությունների համա՞ր են... Ո՞ւր էին այն տեխնիկական միջոցները, որոնք չէին վերահսկում ադրբեջանցիների շարժը, ո՞ւր էր այն զինվորը, որը պետք է կանգնած լիներ հայկական դրոշակով եւ ասեր՝ մուտքն արգելված է իմ տարածքում»,– ընդգծում է նա։
Թարվերդյանը շեշտում է՝ եթե բանակի ուժերը չէին բավարարում, ապա պետք է մոբիլիզացիա հայտարարվեր։ Իսկ եթե անգամ հակառակորդին հաջողվել է անցնել սահմանը, ապա ըստ նրա՝ պետք է ժամանակ տրվեր, որ հեռանան, ինչպես եղավ 44–օրյա պատերազմից հետո, երբ արցախցիներին ասել էին՝ կամ դուրս եք գալիս, կամ գերեվարվում եք։
«Եթե մենք վախենում ենք պատերազմից, ուրեմն մենք պարտվելու ենք։ Վերջին հարյուրյամյակներում ոչ մի տարածաշրջան մյուսին բանակցությունների արդյունքում չի հանձնվել։ Ուժն է ծնում իրավունք. մեր իրավունքը մեր հողերի նկատմամբ ուժով պետք է պահպանենք»,– ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում։











