Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղյակ չէ այն փաստաթղթի մանրամասների մասին, որի մասին երեկ հայտարարել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը եւ որի գոյությունն այսօր հաստատեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ այդ փաստաթղթով նախատեսվում է սահմանազատման աշխատանքներ իրականացնել Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների միջեւ, ինչպես նաեւ հայկական 6 գյուղ հանձնել Ադրբեջանին:
Հարցին, թե որպես կառավարության անդամ իրեն վատ չի՞ զգում, որ իր եւ ժողովրդի մեջքի հետեւում որեւէ փաստաթուղթ է ստորագրվում, որի մասին ոչ ոք տեղյակ չէ, Զարեհ Սինանյանն արձագանքեց.
«Դե տեսեք, դուք մեկնաբանություններ եք անում՝ մեջքի հետեում, քաղաքական թուղթ… երբ որ ժամանակը կլինի հանրայնացվելու, կհանրայնացվի այն»,- ասաց նա:
Սինանյանը հայ եւ ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ տեսանյութին անդրադառնալով, ասաց որ, իհարկե իրեն մտահոգում է դա, սակայն այն 2 ժամանոց տեսանյութի մի փոքր մասն է. «Կարող է՝ մյուս մասում էլ մեր զինվորներն են իրենց հարվածում»:
Սինանյանը, սակայն, հավելեց, որ ինքն ամբողջական տեսանյութը չի տեսել:
Լրագրողներից մեկն էլ հարց ուղղեց Սինանյանին, թե նախկինների օրոք հնարավո՞ր էր նման բան կատարվեր, ինչին Զարեհ Սինանյանը վստահ պատասխանեց. «Իհարկե, ձեր նախկինները, ձեր տերերը, էն մարդիկ, որոնք վճարում են ձեզ հարցեր տալու համար… հարց ունե՞ք»:
Լրագրողների հարցերին պատասխանելուց խուսափելու համար Սինանյանը պնդում էր, որ իրեն ուղղված հարցերը հարց չեն. «Դուք հարց չեք տալիս, կլոունադայով եք զբաղված»
Սինանյանը սկսեց գոռալ լրագրողի վրա եւ կրկնել. «Հարց ունե՞ք», ինչին ի պատասխան լրագրողը հորդորեց պաշտոնյային կոռեկտ պահել իրեն:
Հիշեցնենք, որ Սինանյանը տեղափոխվել է Հայաստան ԱՄՆ–ից և պաշտոն ստացել իշխանափոխությունից հետո։
Մանրամասները` տեսանյութում:











