Միամտություն կլինի կարծել, որ Երեւանում եւ մարզերում բուժսպասարկման մակարդակը նույնը կլինի: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Դու չես կարող մասնագիտացված կլինիկաներ ամեն տեղ ունենալ փոքր երկրում: Պետք է այդ կլինիկաները շատ բարձր մակարդակ ունենան եւ պարտադիր չի, որ լինեն Երեւանում, բայց չես կարող փոքր երկրում 5-10 կլինիկա ունենալ, բայց առնվազն ամեն մարզում պետք է մեկ բարձր մակարդակի բուժսպասարկման հիմնարկ լինի»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Նա նաեւ նշեց, որ պետք է հստակ սահմանված ստանդարտ լինի բուժհիմնարկների պարագայում եւ այդ ստանդարտը չպետք է իջնի, քանի որ իջեցնելը նշանակում է խտրականություն դնել, ասենք, Աշոցքի եւ Երեւանի բնակչի միջեւ:
«Սա այն դեպքը չէ, որ ֆանտաստիկ գումարներ է պահանջում: Սա հնարավոր է անել: Խնդիրը հասկանալի է, ինձ թվում էր, թե մենք այդ բանը հաղթահարել ենք եւ տարբեր ծրագրերով ինչ-որ բան արվում էր լայնածավալ, բայց հետո կարծես կանգնեց եւ ամեն ինչը մնաց կենտրոնացած Երեւանում:
Ընդհանրապես երկրի զարգացման համաչափ հարցը երկրի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ անվտանգության հարցն է եւ մենք, եթե այսպես շարունակենք, ապա ուղղակի ունենալու ենք դատարկված գյուղեր, հատկապես սահմանամերձ գոտում»,- նշեց Քոչարյանը:
Անդրադառնալով իր նախագահության տարիներին Գյումրիում շինարարության ծավալներին, նա ասաց. «Հիմա ուզո՞ւմ եք, որ դա կրկնվի: Եթե ուզում եք, ապա գյումրեցիները թող ճիշտ կողմնորոշվեն: Գյումրեցիներին ողջույններ, դուբլ ենք անելու»:











