Քիչ առաջ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարեց, որ ԱԳՆ-ն ընդհանրապես տեղյակ չէ այս գործընթացներից, տեղյակ չէ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, ինչ են ստորագրելու կամ չեն ստորագրելու: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նույնաբովանդակ հայտարարություն արեց նաեւ ՀՀ նախագահը, որ տեղյակ չէ որեւէ հնարավոր ստորագրվելիք փաստաթղթի մասին: Վարչապետի պաշտոնակատարն ո՞ւմ հետ պետք է քննարկեր այս փաստաթուղթը: Վստահ եմ, որ իշխող մեծամասնությունը եւս տեղյակ չէ, ինչպես տեղյակ չի եղել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրման ժամանակ: Ի վերջո, որտեղ է դա քննարկվել»,-ասաց նա:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ լավ օրից չի, որ էսօր քննարկում են այս հարցը, որովհետեւ աչքի առաջ ունեն նոյեմբերի 9-ի նախադեպը. «Նոյեմբերի 9-ին պատերազմ էր ընթանում, այսօր պատերազմ չկա, բանակցում ենք: Հետեւաբար կարելի էր ԱԽ նիստ հրավիրել, հրավիրել խմբակցություններից ներկայացուցիչների, ՀՀ նախագահին ու բաց ասվեր, թե ինչն ինչոց է: Դա չի արվել, դրա համար եկել ենք այս նիստին ենք հասել»,-ասաց Մարուքյանը:

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, թե՝ այ կհրապարակվի փաստաթուղթը եւ դուք կտեսնեք, թե ինչպիսի փաստաթուղթ է մեր շահերից բխող. «Ո՞նց եք պատկերացնում, 500 հոգով եկել զավթել են ՀՀ սուվերեն տարածքը, ծեծում, նվաստացնում են մեր զինվորներին, որ ստորագրվի Հայաստանի համար 100 տոկոսով բարենպաստ փաստաթո՞ւղթ»,-ասաց նա: