Մեղավոր ենք մենք բոլորս, բոլոր հայերը, որ մինչեւ այսօր հանդուրժել ենք, որ այս իշխանությունները զավթած, պարտված, թուրքի դեմը կզած իշխանությունները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում: Այս մասին այսօր` մայիսի 20-ին, Հանրապետության հրապարակում «Պատիվ ունեմ» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:

«Ժողովրդի կողմից մեզ մեղադրող, քննադատող խոսք լսեցի, որ վեց ամիս է՝ հավաքվում ենք, խոսում ենք սպասվող վտանգների մասին և որևէ քայլի չենք դիմում, արդյո՞ք մենք մեղավոր ենք, այո՛, խոստովանում եմ՝ մենք մեղավոր ենք, մեղավոր ենք բոլորս: Մենք մեղավոր ենք, որ այս իշխանությունը զավթած, պարտված, թուրքի դիմաց ծնկածները փաստացի շարունակում են մնալ ՀՀ-ում իշխանության: Ինչ պետք է անեինք, որ չենք արել. պետք է բոլորս համախմբվեինք, հասնեինք նրան, որ մեր քաղաքացիները դուրս գային փողոց, ընդվզեին և հասնեին մեր պահանջին, այն մեր հայրենիքի եւ երկրի փրկությունն է»,-ասաց նա:

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ եռակողմ փաստաթղթի մասին՝ Վանեցյանը նշեց, որ այդ փաստաթուղթն առաջին անգամ կարդալիս որևէ խնդրահարույց կետ չկա, սակայն այն վստահություն չի ներշնչում, քանի որ սեպտեմբերի 27-ից հետո այս իշխանությունները յուրաքանչյուր օր միայն խաբել են ժողովրդին:

«ՀՀ տարածքում 500-ից ավելի ադրբեջանական զինվորականներ են եկել, իրականում, եթե մեր ժողովուրդը գիտակցի, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա այսօր մենք ոչ թե պետք է այստեղ կանգնեինք և ակցիա անեինք, այլ բոլորս պետք է հավաքվենք, գնանք և վերջ տանք այս իշխանություններին, որովհետև այս իշխանությունների մեկ օր ավելի մնալը ուղիղ սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը»,- ասաց նա:

Վանեցյանի խոսքով՝ ՀՀ-ն կանգնած է բնաջնջման վտանգի առաջ և այն մեղադրանքներին, թե այս իրավիճակում վերջիններս պատրաստվում են ընտրությունների գնալ, վարչապետի թեկնածուn նշեց` սա ծուղակ է. «Եկանք, հասանք ծուղակին: Մեկ ամիս է մնացել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դրա համար այս իշխանությունները փորձում են արագ-արագ ստորագրություններ դնել ինչ-որ փաստաթղթերի տակ, որոնց հրապարակված մասը իրականությանը չի համապատասխանում»: