Վարչապետը եկավ այստեղ բոցաշունչ ելույթ ունեցավ, որից հետո ուզում ես ասել մի բան՝ պարոն վարչապետ, չեմ հավատում, որովհետեւ չտրվեցին հստակ պատասխաններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
«Երկու օր է մի հարց է շրջանառվում՝ արդյոք քննարկվում է Տավուշի գյուղերի փոխանակումը, հանձնումը, ինչպես ուզում եք անունը դրեք: Դե դեմարկացիա կլինի, կորոշենք: Իմքայլական հարգելի պատգամավորներ, որ հիմա այդտեղ ծամածռություն եք անում, դուք հասկանո՞ւմ եք, հանրությունը չի հավատում այս կիսատ-պռատ տեքստերին: Երբ այստեղից ասվում է, որ դա չի լինելու, մարդկանց մոտ շարունակում է այդ կասկածը մնալ: Մարդիկ, այո, այս պարզաբանումներից չբավարարվեցին: Մնացին հարցեր, որոնք շարունակելու են քայքայել մեր հանրությանը: Եւ դուք, սիրելի իշխանություն, եւ Միշիկը, իրար լրիվ արժանի եք: Ամեն ինչ կառուցում եք ստի, մարդկային վախերի, մանիպուլյացիաների վրա:
Կարելի էր այս ամենի մասին պարզ խոսել, հստակ ասել, թե ինչ պրոցեսների մեջ ենք հիմա: Արցախի հետագա ճակատագրի վրա արդյոք սա ազդելու է, թե ոչ»,-ասաց Գորգիսյանը:
Նա հավելեց, որ հենց այս անիշխանության ու քաոսի պատճառով է, որ ուզում են շուտափույթ ընտրություններ. «Ես հուսով եմ՝ մենք դեռ կհասցնենք Հայաստանի այն տարածքով, որն ունենք, գնալ արտահերթ ընտրությունների: Հուսով եմ, որ գոնե ԱԽ քարտուղարը կկարողանա որոշակի պարզաբանումներ տալ այն հարցերին, որոնք այստեղ հնչեցին եւ որոնց սպասում է հանրությունը: Ասում եք՝ անկլավները կփոխենք անկլավների հետ: Հիմա պատրաստվո՞ւմ ենք փոխել, թե չենք պատրաստվում»,-ընդգծեց Գորգիսյանը:
Նա ասաց, որ ինչ Նիկոլ Փաշինյանն այստեղ ելույթ էր ունենում, Սյունիքի մարզպետը հայտարարել է, որ եւս 30 ադրբեջանցի Սեւ լճի հատվածում հատել է սահմանը. «Երկիր ենք կործանում, չի կարելի, խելքներդ գլուխներդ հավաքեք»:











