Թուրքը մտել է հայկական տարածք ու շանտաժի է ենթարկում Հայաստանի Հանրապետությանը. Էդ ա. դուրներս գա-չգա դա է: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Այդ շանտաժի արդյունքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասով փաստաթուղթ է ծնվում: Դուրս եկեք այստեղ ու ասեք՝ ժողովուրդ ջան, ձեզ խաբում են, մի հատ հայկական գյուղ չի հանձնվելու երբեք:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ասվեց՝ դելիմիտացիայից, դեմարկացիայից են խոսում: Ո՞ւմ հետ, խուժանի հե՞տ, որը մտել է մեր տարածք: Ինձ մոտ տպավորություն է, որ դուք ավելի շատ հակված եք նրան, որ թուրքն ու ադրբեջանցին կպահպանեն  այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն: Ո՞վ է ձեզ տենց բան ասել: Չե՞ք տեսնում, որ խաբում են, գերիների հարցը հիշեք,-ասաց նա:

Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ այս պայմաններում սահմանների ճշգրտումն ինքնասպանություն է. «Եթե դա գործիք է, որ թուրքի զորքը դուրս գա մեր տարածքից, դա երկակի ինքնասպանություն է: Դուրս եկավ, նորից կմտնի: Ի՞նչն է իրենց խանգարելու, որ չմտնի»,-ասաց Արման Աբովյանը:

Նա հարց ուղղեց, թե արդյոք դելիմիտացիան եւ դեմարկացիան նշանակում է, որ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ այդ դեպքում որտեղ է մնալու Արցախը. «Եթե մտածում եք, որ այդ դելիմիտացիան թույլ կտա, որ ադրբեջանական զորքը դուրս գա, դա շանտաժ է, իսկ ով ենթարկվում է շանտաժի, հա էլ շանտաժ են անելու: Դուք ասում ենք, որ դելիմիտացիա չանենք, իրենք դուրս չեն գա: Դա նշանակում է, որ շանտաժի են ենթարկում»: