Մենք ուժեղ և հաղթանակած ազգ ենք, և ոչ մեկը չի կարող կոտրել մեր ոգին։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին Չարենցավանում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։           

«Ինձ սատարող ազատամարտիկներին խնդրել եմ հավաքվել և ստեղծել զինվորական գունդ, որ խնդրենք այս ապաշնորհ իշխանությանը, որ մեզ պայմաններ տա՝ ինքներս մեր ուժերով զորավարժություն անենք, որ թուրքը տեսնի, որ այս անողնաշարներից բացի ժողովուրդ կա, որը պատրաստ է պատերազմի»,- նշեց նա։

Երվանդ Թարվերդյանի խոսքով՝ բոլոր չորս ղեկավարները չկարողացան պահպանել հերոսների կյանքի գնով ազատագրած հողերը, իսկ հիմա էլ միմյանց են մեղադրում դրա մեջ․ «Չգիտեմ՝ միգուցե երկուս կողմն էլ ճիշտ են ասում։ Կգանք Ազգային ժողով, կգանք իշխանության, դուք՝ ժողովուրդը, բոլորին կդատեք։ Պատճառաբանել բոլորը կարող են։ Բայց հերիք է լսենք՝ սխալվեցինք»։

Ըստ Երվանդ Թարվերդյանի՝ իր քաղաքականություն մտնելուց հետո շատերը նրան վերագրեցին տարբեր քաղաքական ուժերի։     

«Վախենում են, որ նոր ուժ է գալիս, որը կառավարելի չէ, որը ձերն է։ Բոլորը երազում են ինձ տարբեր թևեր ուղղորդել, բոլորը երազում են հասարկությունը բևեռացնել, բաժանել խմբերի։ Ծնվել և մեծացել եմ Երևանում, ավարտել եմ Ֆիզմաթ դպրոցը, լավ կռիվներ եմ արել բակում։ Հումորով ասեմ՝ ծուռ Սաղոյի ծուռ թոռն եմ։ 14 տարեկանից բանվորություն եմ արել, բայց 10-րդ դասարանի ավարտական շնորհանդեսին իմ փողերով աշխատած ամենասիրուն տղան եմ եղել դասարանում։ Ինձ համար աշխատանքն ամոթ չէ, ամոթն ուզել է, ամոթն այն է, որ մեր ազգին ստեղծեց մուրող ազգ։ Հանդիպման վայրը շատ խորհրդանշական է․ խաչի դիմաց՝ բոլորիդ մոտ երդվում եմ, որ ես ոչ հներինն եմ, ոչ ներկաներինն եմ, ես ձերն եմ»,- ավելացրեց Երվանդ Թարվերդյանը։