Դելիմիտացիան ու դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, հնարավոր են տարբեր իրավիճակներ, բայց կրկնում եմ՝ դեմարկացիան ու դելիմիտացիան շատ երկար գործընթացներ են: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի արդյունքում սահմանների փոփոխություններ լինեն՝ հաշվի առնելով, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան Հայկական ԽՍՀ տարածքներ, որոնք Ադրբեջանի հսկողության տակ են եւ հակառակը:

«Ընդ որում, առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում են կողմերը, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա դիվանագիտական-քաղաքական ճանապարհով»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ եւ հակառակը, պատգամավորն ասաց, որ խորհրդային ժամանակներում Խորհրդային Հայաստանն անկլավ է ունեցել Ադրբեջանում և հակառակը. «Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում, կարող են չդառնալ, կարող են ստանալ  այս կամ այն լուծումը: Բայց պետք չէ ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, հանձնաժողովը ստեղծվի, նշանակում է, որ տեղի է ունենում դեմարկացիա ու դելիմիտացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում ու վերջ: Օրինակ Հայաստանն ու Վրաստանն իրենց սահմանը տարբեր սահմաններում չեն դեմարկացրել»: