Մայիսի 19-ի լուսադեմին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան և արագ իրացրեցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպերատիվ խումբը շտապեց բաժնի սպասարկման տարածքում գտնվող Բերքաբեր գյուղ՝ կասկածվողներին հայտնաբերելու։ Հիշյալ գյուղից, մեքենայով հանդերձ, Իջևանի բաժին բերման ենթարկվեց 3 երիտասարդ։

Բաժնում պարզվեց, որ նրանք Վանաձորի բնակիչ են, 20, 21 և 23 տարեկան։ Պարզվեց, որ նրանցից մեկը Իջևանում գտնվող ավտոլվացման կետերից մեկից գողություն է արել։ Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց և առգրավվեց։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։